Քաղաքականություն

Պատգամավորները Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները ներկայացրել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորները Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները ներկայացրել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնք ստորագրահավաք էին սկսել՝ քննարկելու Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը, ստորագրությունները ներկայացրել են խմբակցության ղեկավարությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից և կադրային քաղաքականությունից»,-ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ ստորագրահավաքի հիմքում այն հարցերն են, որոնց շուրջ դժգոհություններ կան: 

Պատգամավորի կարծիքով՝ ստորագրահավաքով, ըստ էության, իրականացվում է պառլամենտական ժողովրդավարության գործընթաց: «Շատ լավ գործընթաց է: Ժողովրդավարական երկիր ենք: Առաջնային մանդատ կրող կառույց է ԱԺ-ն, և ԱԺ պատգամավորները կարող են իրենց տեսակետները հայտնել ու ստանալ պատասխաններ»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ է, որ կուսակցության շրջանակներում շատ անկեղծ քննարկումներ են եղել:

«Ես, ինչքանով գիտեմ, ստորագրություններն արդեն ներկայացված են խմբակցության ղեկավարությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ստորագրությունների թիվը բավարար է:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում