ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ։
Համաձայն ՍԴ-ի ընդունած որոշման․
«Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1․ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Հաղորդվում է, որ սույն որոշումն ամբողջությամբ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում կտեղադրվի օրենքով սահմանված ժամկետում։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։
Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել էր Կառավարության քննարկմանը։ Գործադիր մարմինը սեպտեմբերի 5-ին այն հաստատել էր և ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։
Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։
Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել էր Կառավարության քննարկմանը։ Գործադիր մարմինը սեպտեմբերի 5-ին այն հաստատել էր և ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: