ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենադարձության մասին օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ Հայաստան-սփյուռք գործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ նշելով, որ օրենքի նախագիծը մի քանի անգամ քննարկումներ է անցել կառավարության տարբեր օղակներում:
«Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում մենք հանրային քննարկում կսկսենք, որից հետո կունենանք հայրենադարձության մասին օրենք: Այն կկարգավորի հայրենադարձության հետ կապված փաստաթղթային համակարգը, ինտեգրմանն ուղղված պետական պարտականությունը և այս հարցի կարևորությունը, ինչպես նաև հստակ կընտրվի այս ամենն իրականացնող մարմինը»,- ասաց Ալեքսանյանը:
Նա նշեց, որ այսօր «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն»-ի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ միջոցառումներ, խորհրդատվություններ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի մի շարք գործընկերների:
«Ծրագրերը տարեց տարի փոփոխվում են: Ընդլայնվում է նաև պետության կողմից տրամադրվող ֆինասական աջակցությունը, բայց դրանք անշուշտ բավարար չեն և մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է նոր ծրագրեր ձեռնարկել: Այդ մասով սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կառավարության գործընկերների հետ մշտապես խորհրդակցության մեջ է»,- եզրափակեց Ալեքսանյանը: