ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել է Կիպրոսի հյուրընկալության և սպասարկման ոլորտի առաջատար «Կազա» քոլեջի (Casa College) և «Կազա» ավագ դպրոցի (KASA High School) նախագահ պարոն Յաննիս Սավերիադեսին։
«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ Յաննիս Սավերիադեսը շրջայց է կատարել Ակադեմիայում, ծանոթացել վերջինիս կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ուսանողների համար ստեղծված պայմաններին և կառույցի տեխնիկական հագեցվածությանը։
Հանդիպման ընթացքում երկու ուսումնական հաստատությունները կիսվել են իրենց փորձով, քննարկել հետագա հնարավոր համագործակցության հեռանկարներն ու առավելությունները։ Հյուրը հանդիպել և շփվել է նաև «Երեմյան Ակադեմիայի» դասախոսական կազմի և ուսանողների հետ։
«Շատ տպավորված եմ Ակադեմիայով, հատկապես ինտերիերային լուծումներով և ուսանողների համար ստեղծված պայմաններով։ Հետաքրքիր է, թե ինչպես են պատմական նշանակության շինության ներսում ստեղծել և կառուցել ժամանակակից լուծումներով կրթական հաստատություն։ Շատ կարևոր է, որ Ակադեմիան երիտասարդներին տալիս է հնարավորություններ ոլորտում զարգանալու և առաջ գնալու համար։
Տարածապես մեր երկրները սահման չեն կիսում, բայց մշակութային արժեքներով շատ ընդհանրություններ ունենք, ինչն էլ կարող է հյուրընկալության և կրթության ոլորտներում արդյունավետ համագործակցության կամուրջ հանդիսանալ»,-նշել է Յաննիս Սավերիադեսը։
Նա հավելել է, որ ուրախ կլինեն իրենց հաստատությունում ունենալ տաղանդավոր հայ ուսանողների։ Կիպրոսում հայ համայնքը բավականին մեծ է, ու բացի դրանից, իրենց երկիրը երիտասարդ ուսանողների համար ապահովում է հարմարավետություն և պայմաններ։
«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը նշել է.
«Մեզ համար մեծ պատիվ էր, երբ պարոն Սավերիադեսն իր՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ցանկություն հայտնեց այցելել մեզ։ Ակադեմիան պարբերաբար հյուրընկալում է միջազգային առաջատար կրթական հաստատությունների ներկայացուցիչների՝ տարբեր երկրներից, բայց Կիպրոսից առաջին անգամ ենք հյուր ունենում։ Այս հանդիպումը մեր երկրների և կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակման և հնարավոր համագործակցության նախանշման հրաշալի առիթ է՝ հատկապես հյուրընկալության և սպասարկման ոլորտներում»։
Կողմերը պայմանավորվել են այս պահից սկսած մեկնարկել բանակցություններ և քննարկումներ համագործակցության ձևաչափերի վերաբերյալ և դեկտեմբերին կրկին հանդիպել։