Հայաստան

Հայաստանը սփյուռքի երիտասարդների համար պետք է դառնա իրենց ինքնությունն ու մշակույթը քաղելու վայր. Համաշխարհային գագաթնաժողովի մասնակից

3 րոպեի ընթերցում

Հայաստանը սփյուռքի երիտասարդների համար պետք է դառնա իրենց ինքնությունն ու մշակույթը քաղելու վայր. Համաշխարհային գագաթնաժողովի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է դառնա սփյուռքի երիտասարդների համար այն վայրը, որից իրենք կարողանան քաղել իրենց ինքնությունը, մշակույթը և դրանով կարողանան ստեղծել նորը: Միայն պահպանելը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև պահպանում են հինը,  նորը ստեղծում են: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման կարծիք հայտնեց  USC Dornsife Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրեն (ԱՄՆ) Մարգարիտա Բաղդասարյանը՝ նշելով, որ միմյանց հետ շփվելը, նոր ծանոթություններ ձեռքբերելն այսպիսի միջավայրում շատ հասանելի է դառնում՝ հատկապես երիտասարդների համար: 

Մարգարիտա Բաղդասարյանը նշեց՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանի բոլոր պետական մարմինները սփյուռքի հետ անմիջական և անընդհատ խոսակցության մեջ լինեն տարբեր թեմաներով:

«Պետք է ոչ միայն բարձրացվեն այն թեմաները, որոնք հուզում են սփյուռքին կամ Հայաստանին, այլ բոլոր թեմաների շուրջ քննարկումներ լինեն, հարաբերություններ ստեղծվեն ու պահպանվեն: Հենց այս հարթակը ստեղծելու համար ես շատ գնահատում եմ այս գագաթնաժողովը: Այն արդեն երկրորդ անգամ է համախմբում բոլորիս մեկ հարթակում, շատ ուրախ եմ, որ տեսնում եմ մասնակիցներ  տարբեր երկրներից»,- ասաց նա: 

Նա ընդգծեց՝   հայապահպանություն բառն այդքան էլ չի սիրում: Իր կարծիքով լեզուն, մշակույթը պետք է անընդհատ մշակել, որպեսզի այն աճի և զարգանա: 

«Կարծում եմ՝ պետական մարմիններն այդ դերն իրենց վրա պետք է վերցնեն: Երկար տարիներ չի եղել անկախ պետություն, բայց արդեն 30 տարի է՝ ունենք պետություն, և Հայաստանը պետք է դառնա սփյուռքի երիտասարդների համար այն վայրը, որից իրենք կկարողանան քաղել իրենց ինքնությունը, մշակույթը՝ դրանց հիման վրա ստեղծելով նորը: Միայն պահպանելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև պահպանում են հինը,  նորը ստեղծում են»,- նշեց գագաթնաժողովի մասնակիցը:

Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում այլ մասնակիցների հետ քննարկել են «Հայաստանի փափուկ ուժը և մշակութային դիվանագիտությունը» թեման: 

«Շատ հետաքրքիր թեմա էր, որտեղ խոսեցինք, թե  սփյուռքի համայնքները և անհատներն ի՞նչ կարող են ստեղծել, ի՞նչ ունենք արդեն, ինչպես նաև պետությունը այդ գործընթացի մեջ ի՞նչ դեր ունի: Արդյոք ճիշտ է, որ պետությունը որոշի, թե ի՞նչ հարաբերություն պետք է լինի սփյուռքի և Հայաստանի միջև, որպեսզի այն ուժը,  որը Հայաստանին պետք է՝ ստեղծվի սփյուռքում»,- եզրափակեց  Մարգարիտա Բաղդասարյանը:

Գայանե Գաբոյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում