Աշխարհ

Հյուսիսային Կորեան ցույց է տվել ուրանի հարստացման օբյեկտի առաջին լուսանկարները

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան ցույց է տվել ուրանի հարստացման օբյեկտի առաջին լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել է ուրանի հարստացման օբյեկտ։ Այցից հետո Փհենյանն առաջին անգամ ցույց է տվել ցենտրիֆուգների լուսանկարները, որոնք վառելիք են արտադրում միջուկային զենքերի համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Հյուսիսային Կորեայի ղեկավարն աշխատողներին կոչ է արել ավելի շատ բաղադրիչներ արտադրել մարտավարական միջուկային զենքերի համար՝ նշելով, որ երկրի միջուկային զինանոցը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից եկող սպառնալիքներին դիմագրավելու գործում։ 

Կիմ Չեն Ընի խոսքով՝ զենքերն անհրաժեշտ են «ինքնապաշտպանության և կանխարգելիչ հարձակման հնարավորության համար»։

Reuters-ը նշում է, որ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցը Միջուկային զենքի ինստիտուտ Կիմ Չեն Ընի այցը լուսաբանելիս ներկայացրել է լուսանկարներ, որոնցում նա քայլում է ուրանը հարստացնող մետաղական ցենտրիֆուգների շարքերի միջով։

Ենթադրվում է, որ Փհենյանն ունի ուրանի հարստացման մի քանի օբյեկտներ։ 

Հյուսիսային Կորեան նախկինում ցուցադրել է միջուկային մարտագլխիկների լուսանկարներ: Երկիրը 6 ստորգետնյա միջուկային փորձարկում է իրականացրել 2006-2017 թվականներին։

Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի քանակի վերաբերյալ գնահատականները մեծապես տարբերվում են։ Ըստ հուլիսին հրապարակված Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի զեկույցի՝ Փհենյանը, հնարավոր է, արտադրել է բավականաչափ տրոհվող նյութ՝ մինչև 90 միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար, բայց, հավանաբար, ստեղծել է նման շուրջ 50 մարտագլխիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում