Գիտություն

Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին

4 րոպեի ընթերցում

Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային մեծ հեղինակություն վայելող իրավաբան և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին նախագահ, դոկտոր Չիլի Էբոե-Օսուջիին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից անդամակցելու է Զորյան ինստիտուտի տնօրենների ակադեմիական ​​խորհրդին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Զորյան ինստիտուտը։  

«Զորյան ինստիտուտը ուրախությամբ տեղեկացնում է, որ միջազգային մեծ հեղինակություն վայելող իրավաբան և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին նախագահն դոկտոր Չիլի Էբոե-Օսուջիին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից անդամակցելու է ինստիտուտի տնօրենների ակադեմիական ​​խորհրդին։ 

Դոկտոր Էբոե-Օսուջին եղել է ՄՔԴ-ի 4-րդ նախագահը 2018-ից 2021 թվականներին, մինչ այդ աշխատել է որպես ՄՔԴ դատավոր 2012-ից 2018 թվականներին: Դոկտոր Էբոե-Օսուջին աշխատել է նաև որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի իրավախորհրդատու (2010-2012), ավելի վաղ աշխատել է Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալում և Սիերա Լեոնեի հատուկ դատարանում: Մինչ միջազգային հանրային ծառայությանը միանալը փաստաբանական գործունեություն է ծավալել Կանադայում և Նիգերիայում։

Այժմ դոկտոր Էբոե-Օսուջին հանդիսանում է Տորոնտոյի Մետրոպոլիտեն համալսարանի Լինքոլն Ալեքսանդրի իրավունքի դպրոցի միջազգային կարգի վաստակավոր իրավաբան, ուր նաեւ հանդիսանում է համալսարանի նախագահի հատուկ խորհրդական։ Որպես դասախոս և հրավիրյալ պրոֆեսոր դոկտոր Էբոե-Օսուջին միաժամանակ գործակցում է այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են՝ Վինձորի համալսարանը, Սթենֆորդի իրավաբանական դպրոցը, Տորոնտոյի համալսարանի իրավաբանական դպրոցը, Սանտա Կլարայի համալսարանը, Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցի Կարի կենտրոնը եւ Օտտավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

Չիլի Էբոե-Օսուջին դոկտորի կոչումը (PhD) ստացել է Ամստերդամի համալսարանից (Նիդեռլանդներ), մագիստրոսի կոչումը` ՄակԳիլ համալսարանից, որտեղից ստացել է նաև Կանադայի իրավաբանի հավատարմագրում Կալաբարի համալսարանում (Նիգերիա) բակալավրի կոչումը ստանալուց հետո:

Դոկտոր Էբոե-Օսուջին մեծ ավանդ ունի նաեւ իրավագիտության մեջ․ հեղինակ է մի շարք հրապարակումների, այդ թվում «Միջազգային իրավունք և սեռական բռնություն զինված հակամարտություններում» և «Պաշտպանելով մարդկության» գրքերը (խմբ.)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զորյան ինստիտուտի խորհրդի անդամ Դոկտոր Ուիլյամ Շաբասը ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին  Չիլի Էբոե-Օսուջիի միանալը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Դատավոր Էբոե Օսուջին երկար ու նշանավոր կարիերա է ունեցել միջազգային արդարադատության ոլորտում՝ հասնելով Միջազգային քրեական դատարանի նախագահի ամենաբարձր պաշտոնին: Նա հսկայական փորձ, ինչպես նաև մեծ իմաստություն է բերում Զորյանի ակադեմիական ​​խորհրդին»:

Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանը, ողջունելով դոկտոր Էբոե-Օսուջիի՝ ինստիտուտի ակադեմիական ​​խորհրդին միանալու որոշումն,  ասել է․ «Զորյան ինստիտուտի անձնակազմը հպարտ է իր ակադեմիական ​​խորհրդում ներգրավված միջազգային ճանաչում ունեցող գիտնականներով: Անկասկած, դոկտոր Էբոե-Օսուջիի նման միջազգային համբավ ունեցող գիտնականի՝ ինստիտուտի խորհրդին անդամակցումը կօժանդակի ինստիտուտը նոր բարձունքների հասցնելու գործին»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում