Քաղաքականություն

Հայաստանում ստորագրահավաք կանցկացվի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ստորագրահավաք կանցկացվի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ 

Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։  Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։  

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։ 

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում