Մարզեր

Գյումրիի ավագանին չհաստատեց «ՖեստիՎառ»-ի տաղավարների վարձակալության գումարը համայնքի միջոցներից հատկացնելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին չհաստատեց «ՖեստիՎառ»-ի տաղավարների վարձակալության գումարը համայնքի միջոցներից հատկացնելու նախագիծը

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի ավագանին չհաստատեց «ՖեստիՎառ»-ի ժամանակ տաղավարների վարձակալության գումարը համայնքային միջոցներից հատկացնելու նախագիծը՝ թերի հիմնավորման պատճառով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում  հուլիսի 27-ին անցկացված «ՖեստիՎառ» միջոցառման շրջանակներում  տաղավարների վարձակալման համար պահանջվող 2 մլն 434 հազար 350 ՀՀ դրամը համայնքային բյուջեից հատկացնելու նախագիծը ավագանին քննարկեց սեպտեմբերի 10-ին՝  ավագանու հերթական նիստի ժամանակ։

Նախագիծը, ըստ ավագանու անդամների, թերի է՝ չունի պատշաճ հիմնավորում․ փաստաթղթում  հրապարակված չէ, թե որ կազմակերպությունից և քանի տաղավար է վարձակալվել։ Ըստ ավագանու անդամների՝ Հանրային հեռուստաընկերության տնօրենի՝ համայնքի ղեկավարին ուղղված գրությունը ևս թերի է եղել։  

Ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանը նշեց, որ որոշման նախագիծն իրավաչափ չէ, քանի որ համայնքապետարանն, առանց ստանալու ավագանու համաձայնությունը, արդեն իսկ մեկ անձից  գնում է կատարել։ 

Նիստին ներկա ավագանու անդամների քվեարկության արդյունքներով որոշման նախագիծը չհաստատվեց։ 

Ավագանու անդամները համայնքապետարանին առաջարկեցին որոշման նախագիծը հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել՝ կցելով հիմնավորումն ու ծախսերի ուղղությունները:

Հուլիսի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ  անցկացված միջոցառմանը՝ «ՖեստիՎառ»-ին ոչ պաշտոնական տվյալներով մասնակցել է 50 հազարից ավելի քաղաքացի։  


Արմենուհի Մխոյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում