Հայաստան

Սևանա լճում առաջին անգամ անցկացված J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությանը 20 երկրի թիմ է մասնակցել

2 րոպեի ընթերցում

Սևանա լճում առաջին անգամ անցկացված J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությանը 20 երկրի թիմ է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Առաջնության մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Սևանա լիճը որպես մրցավայր ընտրելու, Հայաստանում առագաստանավային սպորտը նոր մակարդակի հասցնելու և առաջին անգամ նաև J/70 դասում Հայաստանի առաջնություն անցկացնելու համար: 

Հայաստանի բաց առաջնությունում երրորդ տեղն են զբաղեցրել և բրոնզե մեդալներին արժանացել Պորտուգալիայի ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել «Active Sailing» թիմով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց մրցանակները հանձնել են Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն ու ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Trem Sailing» թիմի առագաստանավորդները, իսկ չեմպիոնի կոչմանն արժանացել են Ռուսաստանի մեկ այլ թիմի՝  «Have Fun»-ի ներկայացուցիչները:

Առաջնության գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Առաջնությունում ընդգրկվել են նաև մի շարք այլ անվանի մրցավարներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում