Իրավունք

2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է գնման 5678 ընթացակարգ

5 րոպեի ընթերցում

2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է գնման  5678 ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։ 

Ծառայության ղեկավարի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ծառայությունը դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր, որոնցից 1703-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 30%) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ (հավելյալ) վերահսկողության իրականացման նպատակով առավել ռիսկային են գնահատվել 171 ընթացակարգեր (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 10%): Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ (հավելյալ) հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների և որոշ ՏԻՄ-երի։ 

 

·Իրականացվող դիտարկումների արդյունքում թվով 104 դեպքով արձանագրվել է գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի խտրականություն և պատվիրատուներին առաջարկվել է իրականացնել համապատասխան փոփոխություններ:

·Թվով 70 գնման ընթացակարգերում հայտնաբերվել են հանրային գնումներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության դեպքեր, որոնց շրջանակում թվով 117 կնքված պայմանագրերի վերաբերյալ 82 դեպքով պատվիրատուներին առաջարկվել է գնման գործընթացները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:

·Գնումների գործընթացներում ներկայացված ոչ հավաստի տեղեկատվության և դրա արդյունքում պայմանագրերի կնքմամբ այլ տնտեսվարողների օրինական իրավունքների խախտման, պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հիմքերով թվով 21 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաշվետու ժամանակամիջոցում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամ:

·Դիտարկմամբ՝ թվով 14 դեպքով արձանագրվել են պատվիրատուների կողմից գնման ընթացակարգերի փաստաթղթերի ոչ պատշաճ հրապարակման դեպքեր, որոնց ուղղությամբ 12 դեպքով առաջարկվել է պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց: 

·Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված գնման պայմանագրերի կատարման օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով՝ հաշվետու կիսամյակի ընթացքում իրականացվել և ամփոփվել են ևս թվով 13 մշտադիտարկումներ, որոնց արդյունքներով վերհանված առերևույթ խախտումների փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

·Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում վերլուծության են ենթարկվել հանրային գնումների գործընթացներին վերաբերող՝ Ծառայությանը հասցեագրված երեք տասնյակից ավելի հանրագրեր: Բոլոր հանրագրերին տրվել են պատշաճ և սպառիչ պատասխաններ:

·Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից ՀՀ վարչապետի հանձնարարությամբ գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել թվով 8 օրենսդրական կարգավորումների փոփոխության առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում