Քաղաքականություն

Ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան՝ BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելով․ մեկնաբանում են փորձագետները

9 րոպեի ընթերցում

Ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան՝ BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելով․ մեկնաբանում են փորձագետները

ԲՐՅՈՒՍԵԼ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցչի կողմից հաստատած լուրը նաև փորձագետների ուշադրության կենտրոնում է։   

Որքանո՞վ է պաշտոնական Անկարան պրագմատիկ ու խելամիտ այլընտրանքների քաղաքականություն վարում, ի՞նչ կտա BRICS-ին հնարավոր անդամակցությունը Թուրքիային և ինչպե՞ս կազդի Արևմուտքի հետ հարաբերությունների ու ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքերի վրա։ Նմանատիպ հարցերը շատ են։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Թուրքիայից և ԱՄՆ-ից փորձագետների, քաղաքագետների հետ, որոնք  վերլուծել են Թուրքիայի այս որոշումը։  

Սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Մուրադ Յեթքինի խոսքով՝ BRICS-ը դեռևս կայացած և լիովին ինստիտուցիոնալացված կազմակերպություն չէ՝ այնպիսի հաստատված առևտրային կանոններով, ինչպես Եվրամիությունն է: «BRICS-ը չունի քաղաքական կամ ռազմական բաղադրիչ։ Օրինակ, Հնդկաստանը՝ Չինաստանի դեմ Ասիայում ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկերը, Չինաստանի հետ միասին BRICS-ի հիմնադիր անդամ է», – հավելում է քաղաքական վերլուծաբանն ու շեշտում՝ Թուրքիայի նման քայլը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նպատակ է հետապնդում։ 

Քաղաքագետն ընդգծում է, որ Թուրքիայի նման աշխարհագրություն ունեցող երկիրը պետք է ակտիվ պահի իր առևտրային և դիվանագիտական ​​հարաբերությունները: 

Ըստ Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Գենջեր Օզջանի՝ BRICS-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը կարելի է դիտարկել որպես զարգացում, որը էական փոփոխություններ կառաջացնի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ «Նախ, այն կոնկրետ օրինակ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչակազմի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կասկածի տակ դնող հռետորաբանությունը իրականություն է դարձել», – նշում է թուրք պրոֆեսորն ու ընդգծում, որ Էրդողանի իշխանությունը վերջին 10 տարիների ընթացքում անդադար քննադատել է ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունները, իսկ Գազայում Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անտարբերությունը պատճառ են դարձել, որ այդ քննադատություններն էլ ավելի կոշտանան։ Սակայն, Օզջանի խոսքով, նույն Թուրքիայի քաղաքականության ու կեցվածքի մեջ հակասությունները շատ են։ «Քննադատական դիսկուրսն ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էական հակասությունների մասին են խոսում։ ԱԶԿ-ն բարձրաձայն արտահայտում է իր քննադատությունն արևմտյան երկրների հասցեին՝ պահպանողական ընտրազանգվածի աջակցությունը պահպանելու համար, մյուս կողմից ռազմական ոլորտում շարունակում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։ Դրա ամենավերջին օրինակը թուրքական ռազմանավերի մասնակցությունն է Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմանավերի ուժի ցուցադրությանը՝ Իրանի կողմից Իսրայելի դեմ հակահարված տալու հնարավորության դեմ։ Այս զարգացման մասին չեն հայտարարել ԱԳՆ-ն ու գլխավոր շտաբը։ Այդ մասին հանրությունը պետք է իմանար արտասահմանյան աղբյուրներից։ Թուրքիան ցանկանում է սերտ ռազմական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ։ Նմանատիպ իրավիճակների բազմաթիվ օրինակներ կարելի է բերել ոչ վաղ անցյալից։ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից կամ 2020 թվականի փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով 34 թուրք զինվոր է զոհվել, Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ի աջակցությանը։ Նկատի ունենալով այս օրինակները՝ հեշտությամբ կարելի է ասել, որ եթե BRICS-ին անդամակցությունը իրականանա, ապա դա կարևոր շրջադարձ կլինի Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերություններում»,-եզրափակել է թուրք պրոֆեսորը։

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (The Institute for Peace and Democracy) փորձագետ Քրիսթոֆեր Մոթթի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ռազմավարությունը, թվում է, կայանում է նրանում, որ առավելագույնի հասցնի իր հնարավորությունները միաժամանակ տարբեր ուղղություններով: «Սևծովյան հացահատիկի գործարքից և ուկրաինական պատերազմի շուրջ բանակցելու վաղ փորձերից ի վեր, Անկարան միանշանակ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների հնարավորություն է տեսել ՝ միաժամանակ ունենալով անվտանգություն ՆԱՏՕ-ի պաշտպանության հովանու ներքո: Թուրքիան դեռևս Ռուսաստանի մրցակիցն է Սիրիայում, և Ուկրաինայի հետ Անկարայի սերտ հարաբերությունները պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում բոլորին հայտնի են: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է բիզնեսը ՌԴ-ի հետ և օգնում է նրան շրջանցել պատերազմից բխող որոշ պատժամիջոցներ: Այս ամենը ենթադրում է «կամրջող» ուժ լինելը։ Թուրքիան օգտագործում է իր միջին ուժի դիրքը՝ փորձարկելու այն սահմանները, թե որքան ռազմավարական ինքնավարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը և այլ դաշինքների ու բլոկների միջև առաջարկների պայքարում ստանալ լավագույն գործարքը», – ասում է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի փորձագետը։ 

Մոթթը վստահ է, թեև BRICS-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ի որոշ անդամների մոտ դժգոհություն կառաջացնի, սակայն Թուրքիայի աշխարհագրական դիրքը, որը թույլ է տալիս վերահսկել ելքը դեպի Սև ծով, նշանակում է, որ նրա նկատմամբ ցանկացած զայրույթ այնքան էլ լուրջ չի լինի: «Չեմ կարող չկասկածել, որ և՛ Վաշինգտոնին, և՛ Բրյուսելին դուր է գալիս ունենալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան և Թուրքիան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դյուրացնեն Ուկրաինայի շուրջ արտակարգ բանակցությունները։ Բայց դրա արժեքը կայանում է նրանում, որ նրանք պետք է ընդունեն Թուրքիայի կողմից նման ռազմավարական հավասարակշռման քայլերը, որը, վստահ եմ, համարում են դասալքություն», - ասում է փորձագետը։ 

Թուրք լրագրող, Ռուսաստանի հարցերով փորձագետ Մյուհդան Սաղլամը Թուրքիայի կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալու մեջ  երկու առաջնահերթություն է տեսնում՝ BRICS-ը կարող է հնարավորություն ընձեռնել վարկ ստանալ Զարգացման նոր բանկից, ինչպես նաև ներդրումներ կորզել Չինաստանից։ Այդուամենայնիվ, փորձագետի խոսքով՝ սա չի նշանակում արտաքին քաղաքականության լուրջ բեկում, խոսքը պարզապես վերաբերում է մի հարթակի, որը հավակնում է լինել այլընտրանք G-20-ին: Սաղլամի խոսքով՝ Արևմուտքն այս զարգացմանը ուշադրությամբ է հետևում և Թուրքիայի կողմից BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելն ամենևին էլ անակնկալ չէր նրանց համար, քանի որ Թուրքիան հաճախ էր այդ հարցն օրակարգ բերում։ 

«BRICS-ը Եվրասիական տնտեսական միություն կամ Շանհայի համագործակցության կազմակերպություն չէ։ Ավելին, Թուրքիան, կարծես թե, կենտրոնանում է Արևմուտքի ներդրումների վրա՝ հատկապես տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում։ Սա կարող է նաև Թուրքիայի կողմից ազդակ լինել, որ ինքը կարող է Արևմուտքին այլընտրանք գտնել։ Ռուսաստանի համար Թուրքիան հավասարակշռող տարր էր Արևմուտքի հետ հարաբերություններում։ Թուրքիայի հետ՝ որպես արևմտյան դաշնակցի, սերտ հարաբերություններն այս առումով կարևոր են։ Ուկրաինական պատերազմով Թուրքիան դարձավ ավելի կարևոր դերակատար Ռուսաստանի տնտեսության և էներգետիկ առևտրի մեջ և չմասնակցեց պատժամիջոցներին», - նշում է Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետն ու ընդգծում, որ  Ռուսաստանի համար ավելի կարևոր է Թուրքիան, որն ընդհանուր հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, բայց լավ հարաբերություններ ունի հենց իր հետ։   

«Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին նոր երկխոսության միջավայր է ստեղծում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում, առանց այդ էլ երկու երկրներն արդեն հաճախակի են հանդիպում: Ռուսաստանը գիտի, որ Թուրքիայի համար ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին այլընտրանք լինել  չի կարող, և չի էլ ցանկանում այդպիսին լինել։ Պաշտոնական Մոսկվան կարևորում է Թուրքիայի հետ միասին նոր հարթակում որպես հավասարակշռող դերակատար լինելը», - հավելեց Մյուհդան Սաղլամը։  

Լիլիթ Գասպարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում