Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարը իրատեսական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության ու կայունության հասնելը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարը իրատեսական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության ու կայունության հասնելը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իրատեսական է համարում Ադրբեջանի հետ հարաբերություններում խաղաղության ու կայունության հասնելը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 

Միրզոյանն ասել է, որ Հայաստանը ակնկալում  է խաղաղության ու կայունության հասնել Ադրբեջանի հետ։ «Դա իրատեսական է։ Ես կարծում եմ՝ այո»,- հայտարարել է Միրզոյանը։ 

Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշ շոշափելի քայլեր տեսնում է։  «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանզատումն է սկսվել, մենք տեսնում ենք, որ կա քննարկում տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ, կա շատ կառուցողական երկխոսություն խաղաղության պայմանագրի  վերաբերյալ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանի խոսքով՝ հիմա իրական հնարավորություն կա Հարավային Կովկասում թշնամանքի էջը փակելու և կայունության ու խաղաղության դարաշրջան բացելու համար։ 

«Մենք` Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, հիմա իրական հնարավորություն ունենք մեր տարածաշրջանում թշնամանքի էջը փակելու և կայունության ու խաղաղության դարաշրջան բացելու համար։ Մենք հավատում ենք, որ սա շահավետ կլինի բոլորիս համար, ոչ միայն երեքիս, այլ նաև մեր հարևանների, ավելի լայն տարածաշրջանի, մնացած բոլոր խաղացողների և ազգերի համար։  Մենք հիմա խաչմերուկում ենք և պետք է ընտրենք։ Մենք Հայաստանում ընտրել ենք խաղաղության օրակարգը, որովհետև մենք հավատում ենք խաղաղության շահավետությանը։ Բայց սա նման է տանգոյի, դու չես կարող այն մենակ պարել, պետք է լինի նաև մյուս գործընկերոջը, որը ցանկանում է պարել քեզ հետ։ Այսպիսով՝ սա ընտրություն է, որը միայն Հայաստանը չէ, որ պետք է կատարի, նաև պետք է կատարեն Ադրբեջանը, Վրաստանը։ Մենք շատ լավ և եղբայրական հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, սակայն մենք ցանկանում ենք Ադրբեջանի հետ ևս խաղաղություն ու կայունություն հաստատել»,- ասել է Միրզոյանը։ 

Նախարարի գնահատմամբ՝ Հարավային Կովկասը աշխարհի համար կարող է հետաքրքիր լինել, երբ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կհամագործակցեն և միասնական կլինեն։ Միրզոյանի կարծիքով՝ որքան Հարավային Կովկասում համագործակցության և հանդուրժողականության մթնոլորտ լինի, այնքան աշխարհի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ ավելի մեծ կլինի։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում