Իրավունք

ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը հետևել են սցենարային իրավիճակներում Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին

3 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը հետևել են սցենարային իրավիճակներում Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին

 ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ջրի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչ Քեն Հեթը։

Ջրային պարեկների անձնական և լողամիջոցների անվտանգության ապահովման առումով հրահանգիչը կարևորել է ռիսկային պայմաններում կարգախմբի ղեկավարի կողմից անձնակազմի կառավարումն ու աշխատանքի կոորդինացումը: Նաև ընդգծել է տարբեր իրավիճակներում ծառայողների թիմային աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկաները Սևանա լճում հետևել են սցենարային բարդ իրավիճակներում ջրային պարեկների գործողություններին և ցուցադրական հնարքներին։ Ըստ սցենարի՝ որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները «հայտնաբերել» են «տուժած» քաղաքացու։ Նրանք ցուցադրել են առաջին օգնության և փրկարարական աշխատանքների իրականացման գործնական հմտություններ։

Հաջորդ իրավիճակում ջրային պարեկները ցուցադրել են «կասկածյալին ձերբակալելու» և պարեկային լողամիջոց տեղափոխելու տեխնիկական հնարքներ։

Նախատեսված սցենարային իրավիճակներից բացի, հրահանգիչը խաղարկել է հանպատրաստի իրավիճակ։ Պարեկային կարգախմբի անդամներից մեկն անսպասելիորեն հայտնվել է ջրում։ Ջրային պարեկներն անմիջապես անցել են գործի. պարանի օգնությամբ դուրս բերելով տուժածին՝ ցուցաբերել են առաջին օգնություն։
Ավարտին ներկաները կիսվել են տպավորություններով: Նրանք բարձր են գնահատել քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու և հասարակական կարգը պահպանելու գործում Ջրային պարեկների մասնագիտական պատրաստվածությունը։

Հրահանգիչ Քեն Հեթն անդրադառնալով ջրային պարեկների հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման արդյունավետությանը ՝ միաժամանակ կարևորել է դասընթացների պարբերականության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի կոնկրետ իրավիճակներում արագ արձագանքմանն ու կարողությունների կատարելագործմանը։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում