Հյուսիսային Կորեան հաղորդել է նոր ՀԿՌՀ-ի փորձարկման մասին
2 րոպեի ընթերցում
![Հյուսիսային Կորեան հաղորդել է նոր ՀԿՌՀ-ի փորձարկման մասին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/28/0Y4FOvjzaXrbmRDFuSKRTA5o3GfGbSKKibQmOKNK.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) փորձարկման մասին։ Ըստ ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցների՝ նոր հրթիռային կայանքն ունի 240 մմ տրամաչափ և հանդերձված է կառավարման նոր համակարգով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Օրերս Փհենյանը հաղորդել էր նոր կամիկաձե անօդաչուի փորձարկման մասին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտադիր է ուշադիր հետևել հյուսիսկորեական նոր ԱԹՍ-ների մշակման ծրագրին:
Միջազգայնորեն մեկուսացված Հյուսիսային Կորեան վերջերս ընդլայնել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Դիտորդները չեն բացառում, որ ԿԺԴՀ-ն հրետանի և թևավոր հրթիռներ է փորձարկում՝ նպատակ ունենալով դրանք հետագայում ուղարկել Ռուսաստան` Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մեղադրում են ԿԺԴՀ-ին Ռուսաստանին զինամթերք և հրթիռներ մատակարարելու մեջ։ Փհենյանը հերքում է այդ մեղադրանքները՝ դրանք համարելով անհեթեթ։
Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները ներկայում խորը ճգնաժամի մեջ են։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է զենքի նոր տեսակների, այդ թվում՝ մարտավարական միջուկային զենքի մշակումը խթանելու մասին։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն իրենց հերթին ընդլայնել են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։