Տնտեսություն

Վերահաշվարկի արդյունքներով նվազել են ՀՆԱ-ի ցուցանիշները․ իրավիճակը վերլուծել է տնտեսագետը

8 րոպեի ընթերցում

Վերահաշվարկի արդյունքներով նվազել են ՀՆԱ-ի ցուցանիշները․ իրավիճակը վերլուծել է տնտեսագետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկացմամբ՝ վերանայվել են 2023 թվականի տարեկան և եռամսյակային, ինչպես նաև ընթացիկ տարվա I եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները։ Արդյունքում 2023 թվականի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 52 մլրդ 46.6 մլն դրամով՝ կազմելով 9 տրլն 453 մլրդ 175 մլն դրամ, իսկ ծավալի ինդեքսը նվազել է 0.4 տոկոսային կետով՝ հասնելով 108.3 տոկոսի։ 2024 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 48 մլրդ 290.8 մլն դրամով՝ կազմելով 1 տրլն 922 մլրդ 939.6 մլն դրամ, իսկ ծավալի ինդեքսը նվազել է 2.6 տոկոսային կետով՝ դառնալով 106.6 տոկոս։ Ինչո՞վ է պայմանավորված այս վերահաշվարկը և ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Այդ և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի հետ: 

- Ինչո՞վ է պայմանավորված նման ահռելի տարբերությունը:

- 2023 թվականին և այս տարվա սկզբից ունեցել ենք վերաարտահանման (հիմնականում ոսկու) բավականին մեծ ծավալ, որը իրականում լինելով առևտուր՝ ավելացված արժեք չի ստեղծում: Ըստ այդմ, դրա ցուցանիշը հանվել է ՀՆԱ-ի հաշվարկից, կատարվել է վերջինիս ծավալի ճշգրտում, որի արդյունքում էլ վերանայվել են նախորդ տարվա և 2024 թվականի առաջին կիսամյակի ՀՆԱ-ի ցուցանիշները:

- Նման վերահաշվարկն արտառոց երևո՞ւյթ է, թե՞ ընդունված պրակտիկա է:

- Դա մեթոդաբանության հարց է: Շատ հաճախ անհրաժեշտ է արագ արձագանքել և հաշվարկն իրականացնելիս հաշվի առնել տվյալ պահի առանձնահատկությունները, քանի որ իրավիճակը փոխվում է: Այսինքն, ցուցանիշները ճիշտ արտացոլելու խնդիր ունենք, որովհետև ուռճացված, ինչպես նաև ավելի ցածր հաշվարկված ցուցանիշները հետագայում բազային էֆեկտով այլ պատկեր են ձևավորում:             

- Ձեր գնահատմամբ՝ ՀՆԱ-ի վերահաշվարկը կարո՞ղ է անդրադառնալ ՀՀ այս տարվա պետբյուջեի վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս:

- Ֆինանսների նախարարությունն արդեն հայտարարել է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում հաշվի են առել աճի ավելի ցածր տեմպերը, որոնք հանգեցրել են եկամուտների մասով բյուջեի թերակատարման: Կառավարությունը թե՛ միջնաժամկետ ծախսային ծրագրի առումով, թե՛ մյուս ուղղություններով փորձում է գործել տնտեսական աճի ավելի ցածր տեմպի տրամաբանության շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում գրանցված աճի կամ ակտիվության ցուցանիշներն այլևս չեն լինում կամ կարող են չլինել: Հիմնականում դա է խնդիրը:      

- Ինչպիսի՞ն կլինի ՀՆԱ-ի ցուցանիշի նվազման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

- Նախորդ մի քանի տարիներին հիմնականում արտաքին էֆեկտների ազդեցության շնորհիվ Հայաստանը բավականին բարձր տնտեսական աճ ուներ, որը հիմա աստիճանաբար չեզոքանում է: Գնալով նվազում են վերաարտահանումը, Հայաստան այցելողների թիվը, նաև IT ոլորտում է որոշակի կրճատում նկատվում: Այս առումով կուզենայի անդրադառնալ երկու հանգամանքի: Նախ՝ տնտեսական բարձր աճի ժամանակահատվածում պետք է փորձեինք ստեղծել բուֆերներ՝ հետագա խնդիրներին և ռիսկերին դիմակայելու համար, և երկրորդ՝ աճը պետք է դիտարկենք որպես հնարավորություն, որպեսզի ապագայում ունենանք որակապես ավելի լավ իրավիճակ: Ներկայում աստիճանաբար մոտենում ենք մեր ներուժի սահմանին և հետագայում տնտեսական ցուցանիշներն ավելի շատ արտացոլելու են Հայաստանի ներքին իրողությունները, այլ ոչ թե կրելու են վերաարտահանման ազդեցությունը: Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի հետագա կանխատեսումներում: 

- Այնուհանդերձ, տնտեսության ո՞ր ոլորտներում առավել ցայտուն կարտահայտվի ներկայիս նվազման ազդեցությունը:

- Իրականում թե՛ մասնագիտական, թե՛ վերլուծական շրջանակներում կար այն գիտակցումը, որ տնտեսական ակտիվության երկնիշ թվով աճը հիմնականում պայմանավորված էր ոսկու վերաարտահանմամբ: Ըստ այդմ՝ բոլորն իրենց հաշվարկներում և հետագա պլանավորումներում, կարծում եմ, հաշվի են առել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ տնտեսական բարձր ցուցանիշների նվազման միտումների պարագայում:

Հայաստանում բավականին աճել էր ծառայությունների ոլորտը, արտաքին ազդեցությամբ՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաներինը, որոնք հիմնականում նվազում են: Նույն պատկերն է՝ կապված արտաքին այցելությունների հետ:

Բացի այդ, եկամտային հարկի վերադարձի մասին կարգի կիրառումը որոշակի ակտիվացում, կարելի է ասել, գերտաքացում էր առաջացրել անշարժ գույքի շուկայում: Մասնագիտական շրջանակները, նաև ՀՀ կենտրոնական բանկը նշում էին, որ մոտավորապես մինչև 30 տոկոսի գերագնահատում կա շուկայում: Կարծում եմ՝ փոփոխություններն աստիճանական ազդելու են նաև այս ոլորտի վրա:

- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով 30 տոկոս գերագնահատում:

- Տեսեք, եկամտային հարկը վերադարձնելու օրենքը հեշտացրել է անշարժ գույքի համար հիփոթեկային վարկի մարումը: Դա էլ հանգեցրել է անշարժ գույքի նկատմամբ որոշակի պահանջարկի ձևավորման, որը, բնականաբար, ազդել է նաև գների վրա: Առաջիկայում այդ համակարգից հրաժարվելը հետզհետե հանգեցնելու է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի նվազմանը: Հետագայում տնտեսական աճի նվազման, սոցիալական այլ խնդիրների հետևանքով այս ոլորտում հնարավոր է որոշակի ռիսկերի դրսևորում:                                      

- Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հնարավոր ռիսկերի ազդեցությունը մեղմելու համար:

- Հիմա ունենք բարձր տնտեսական աճ, որը, սակայն, աստիճանաբար նվազում է: Այս պահին բյուջեի եկամտային մասն է պակասել, այսինքն՝ եկամուտները լրիվ չեն հավաքագրվում պլանավորածի շրջանակներում: Ունենք նաև ծախսային մասում թերակատարում: Ստեղծված իրավիճակում, հավանաբար, ամենամեծ ռիսկը կլիներ պետական բյուջեի դեֆիցիտի մեծացումը: Բայց, կարծում եմ, կառավարությունը չի գնա պետական պարտքը մեծացնելու ճանապարհով՝ կկրճատի ծախսերը: Մյուս կողմից՝ Կենտրոնական բանկը ավելի ակտիվ աճի շրջաններում փորձեց իր գործիքներով որոշակի բուֆերներ ստեղծել բանկային համակարգի համար, ռեզիդենտների վարկավորման, արտարժույթով վարկավորման հետ կապված փոփոխություններ կատարվեցին՝ ռեզիդենտներին որոշակի վարկատեսակներ տրամադրվում են միայն ՀՀ դրամով: Ըստ էության, բոլոր հնարավոր քայլերը կատարվում են: Հիմնական խնդիրը և մտավախությունն այն է, որ մեր տնտեսությունը չի կարողացել լիարժեք օգտվել բարձր աճի փուլում որակապես նոր՝ առավել բարձր մակարդակի հասնելու և հետագայում աճի ավելի բարձր տեմպեր ունենալու հնարավորությունից:

- Ըստ այդմ տնտեսական աճի ինչպիսի՞ ցուցանիշ կարող ենք ակնկալել այս տարվա երկրորդ կիսամյակում:

- Այն կառավարության նախանշած 7 տոկոսից ավելի ցածր կլինի՝ 5-6 տոկոսի շրջանակներում: Հետագա աճն էլ, եթե այլ գործոններ չառաջանան, լինելու է նույն 5-6 տոկոսի սահմաններում, որն արտացոլում է մեր երկրի պոտենցիալը: Այդ պարագայում արդեն պետք է շարժվենք ռիսկերը մեղմելու, չեզոքացնելու ճանապարհով, որպեսզի հետագայում կանխենք ռիսկերի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում