Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել պատրաստվել Հյուսիսային Կորեայի հետ հիբրիդային պատերազմի

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել պատրաստվել Հյուսիսային Կորեայի հետ հիբրիդային պատերազմի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել բարձրացնել պատրաստությունը՝ հետ մղելու ԿԺԴՀ-ի սադրանքները «գորշ գոտում», և պատրաստ լինել հիբրիդային պատերազմի Հյուսիսային Կորեայի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Մենք պետք է բարձրացնենք մեր պատրաստությունը՝ հակազդելու Հյուսիսային Կորեայի այնպիսի սադրանքներին «գորշ գոտում», ինչպիսիք են կեղծ տեղեկատվության տարածումը, կեղծ լուրերը և կիբեռհարձակումները», - գործակալությունը մեջբերում է Յուն Սոկ Յոլի հայտարարությունը, որն արվել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ:

Հարավային Կորեայի նախագահը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան կարող է փորձել բռնության և քարոզչության միջոցով սոցիալական անկայունություն ստեղծել հակամարտության վաղ փուլերում։

«Մենք պետք է ակտիվորեն մեթոդներ փնտրենք պառակտումը կանխելու և դիմակայության նկատմամբ մարդկանց վճռականությունը բարձրացնելու համար», - ասել է պետության ղեկավարը։

«Ազգային անվտանգությունը պահպանելու և պատերազմին մեր պատրաստականությունը բարձրացնելու համար պետք է հուսալիորեն պաշտպանենք տրանսպորտը, կապը, ջրամատակարարումը, սոցիալական ենթակառուցվածքը և կարևորագույն պետական ​​օբյեկտները», - հավելել է Հարավային Կորեայի ղեկավարը:

Օգոստոսի 19-ին երկրում սկսվել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ամենամյա Ulchi Freedom Shield զորավարժությունները, որոնք տևելու են մինչև օգոստոսի 29-ը։

Սեուլն ու Վաշինգտոնը հայտարարել են, որ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ, սակայն Փհենյանը դատապարտում է դաշնակիցների զորավարժությունները՝ որպես ԿԺԴՀ ներխուժելու փորձ:

Օգոստոսի 18-ին ԿԺԴՀ-ի արտգործնախարարությանն առընթեր ԱՄՆ-ի գործերի ինստիտուտը դատապարտել է վարժանքները՝ որպես «ամենավիրավորական և սադրիչ զորավարժություններ՝ ագրեսիայի պատրաստվելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում