Աշխարհ

Ճապոնիայում նշում են Նագասակիի ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում նշում են Նագասակիի ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում լռության րոպե է հայտարարվել տեղական ժամանակով ժամը 11:02-ին. 1945 թ. օգոստոսի 9-ին հենց այդ պահին էր, որ տեղի ունեցավ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-29 ռազմավարական ռմբակոծիչից նետված Fat Man ռումբի պայթյունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Kyodo գործակալությունը հաղորդում է, որ Նագասակիի ատոմային ռմբակոծության 79-ամյա տարելիցին հերթական անգամ քաղաքում կոչ են արել քայլեր ձեռնարկել միջուկային զենքից հրաժարվելու ուղղությամբ։ 

Նագասակիի քաղաքապետ Սիրո Սուձուկին ընթերցել է խաղաղության հռչակագիրն՝ ընդգծելով միջուկային զենքի հնարավոր օգտագործման վտանգները։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ևս ելույթ է ունեցել արարողության ընթացքում։ Անդրադառնալով տարբեր երկրների միջև սրվող հակամարտություններին՝ Կիսիդան ասել է, որ Ճապոնիան կշարունակի պահանջել, որ Նագասակին մնա վերջին քաղաքը, որտեղ ատոմային ռմբակոծություն է տեղի ունեցել։

Շուրջ 2300 մարդու մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ընթերցվել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը, որում նա նշել է, որ աշխարհը բախվում է միջուկային զենքի կիրառման և դա որպես ճնշման գործիք օգտագործելու սպառնալիքներին։ Ըստ Գուտերեշի՝ միջուկային զենքի ոչնչացումը զինաթափման ամենամեծ առաջնահերթությունն է։  

Նագասակին Ճապոնիայի երկրորդ քաղաքը դարձավ Հիրոսիմայից հետո, որը 1945 թ. օգոստոսի 6-ին էր ենթարկվել ամերիկյան միջուկային հարվածի: Ռմբակոծության հետևանքներն աղետալի էին. պայթյունի պահին զոհվեց 70 000 բնակիչ, քաղաքը գործնականում ջնջվեց երկրի երեսից։ Հազարավոր մարդիկ ավելի ուշ մահացան ճառագայթման հետևանքներից:

Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծություններն ԱՄՆ-ի կողմից իրականացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու նպատակով։ Սրանք մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական ​​կիրառման միակ օրինակներն են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում