Փոդքասթ

Podcast. Առաջիկայում լույս կտեսնի Աշխատանքային օրենսգրքի դրույթները պարզաբանող 4-րդ գիրքը

2 րոպեի ընթերցում

Podcast. Առաջիկայում լույս կտեսնի Աշխատանքային օրենսգրքի դրույթները պարզաբանող 4-րդ գիրքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատողների և գործատուների կողմից ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները շուտով լույս կտեսնեն գրքի տեսքով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ  նախատեսվող «350 հարց-պատասխան Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ» գիրքը 4-րդն է թեմայի շուրջ, որ կհրատարակվի  𝗘𝗱𝘂𝗫 ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ։

«Համագործակցությունն արդյունավետ է եղել, քանի որ մեկ տարի և փոքր ինչ ավելի ժամանակահատվածում մենք արդեն ունենք 3 գիրք, որոնք հասու են բոլորին, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են տեղեկանալ այն բոլոր կարգավորումներին, որ ամրագրված են Աշխատանքային օրենսդրությամբ։ Առաջիկայում լույս կտեսնի նաև 4-րդ գիրքը, որը լինելու է հարց-պատասխաններ ֆորմատով և վերաբերում է կրկին աշխատանքային օրենսդրության կարգավորումներին, բայց դյուրացված, կոնկրետ՝ հարց-պատասխանով»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրանք ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների կողմից առավել հաճախ բարձրաձայնվող հարցերի ծաղկաքաղն են։ 

Ավելի վաղ՝ հրատարակվել են «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի երկու մասերն ու «Ուղեցույց», որոնցում ներկայացված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդվածների պարզաբանումներ, որոնք հաճախ են կիրառվում գործատու-աշխատող հարաբերություններում՝ գործնականում առավել հետաքրքրություն ներկայացնելով նրանց համար: 

Բացի այդ՝ գրքերում ներկայացված են նաև համեմատական վերլուծություններ Աշխատանքային օրենսգրքի վերջին մեծածավալ փոփոխությունների և օրենսգրքի նախկին խմբագրությամբ դրույթների միջև:
Սարգսյանի պարզաբանմամբ՝  նպատակն աշխատողների կամ գործատուների մոտ առաջացող հարցերի շուրջ համապատասխան պարզաբանումներն են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում