Աշխարհ

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է

2 րոպեի ընթերցում

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից մեկ օր անց։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։ 

Ուսանող ցուցարարների առաջնորդները խորհրդարանի ցրման համար վերջնաժամկետ էին տվել մինչև օգոստոսի 6-ին տեղի ժամանակով ժամը 15։00-ն։ Նրանք նախազգուշացրել էին, որ «խիստ ծրագիր» կսկսվի, եթե մինչև նշված վերջնաժամկետը խորհրդարանը չցրվի։

Ըստ New Age պարբերականի՝ մայրաքաղաք Դաքայում պետական պաշտոնյաները խուճապի մեջ լքում են աշխատավայրերը՝ վախենալով իրենց անվտանգության համար։ 

Բանգլադեշի բանակի շտաբի պետ Վակեր ուզ Զամանը հայտարարել է, որ ստեղծվել է ժամանակավոր կառավարություն՝ բոլոր կուսակցությունների մասնակցությամբ։ Զամանը նշել է, որ ժամանակավոր կառավարության գործունեության և երկրում իրավիճակի կարգավորման հետ կապված միջոցներ են ձեռնարկվում երկրի նախագահ Շահաբուդդին Չուպպուի հետ, իսկ երկրի հետ կապված բոլոր որոշումները կայացնելու է բանակը։

Ավելի վաղ Բանգլադեշի նախագահը երկրի բնակիչներին տեսաուղերձում հայտնել էր խորհրդարանի ցրման և ընդդիմադիր կուսակցության ղեկավարին բանտից ազատելու մասին։

Օգոստոսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Բանգլադեշում զոհվել է 109 մարդ։ Երկրում հուլիսից ընթացող ցույցերի ժամանակ զոհերի ընդհանուր թիվը հասել է 409-ի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում