Դրոնով եռալեզու իրազեկում, շուրջօրյա պարեկություն. Սևանում հանգստացողներն ապահով ձեռքերում են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարար ծառայության տնօրենի հրամանով 2024 թվականի հուլիսի 1-ից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողներն անցել են ուժեղացված շուրջօրյա ծառայության՝ կապված լողասեզոնի բացման հետ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կառույցի աշխատանքին տեղում ծանոթացող լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության  ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը վստահեցրեց՝ ջրային պարեկների ներկայությունը Սևանի ավազանում իրենց հանգիստն անցկացնողներին վստահություն ու ապահովություն է հաղորդում.

«Մարդիկ ուրախ են, որ ջրային պարեկային վաշտ է հիմնվել, իրենց ավելի անվտանգ ու պաշտպանված են զգում»:

Հուլիսի 1-ից առ այսօր Սևանի առաջին, երկրորդ, երրորդ հանրային լողափներում և Շորժայի հատվածում գրանցվել է 20 դեպք՝ որից 5-ը ջրահեղձումից փրկելու դեպք է։ Դժբախտ ելքով դեպքեր մեկ ամսվա ընթացքում չեն գրանցվել։ 

Հունիսի 1-ից ծառայությունը նաև նորամուծություն է գործարկել․ հանգստի համար Սևանի ավազանը նախընտրած քաղաքացիներն անօդաչու թռչող սարքերի միջոցով երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) իրազեկվում են անվտանգության կանոնների մասին:

«Իրազեկման աշխատանքները տալիս են շատ մեծ արդյունք։ Մեծ արդյունք է տալիս նաև Փրկարար ծառայության և պարեկային ծառայության համագործակցությունը»,-  նկատեց Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը վստահեցրեց՝ Փրկարար ծառայությունը հագեցած է համապատասխան տեխնիկայով,  ջրային տրանսպորտով՝ այն ամենով, ինչն անհրաժեշտ է ծառայությունը շուրջօրյա  իրականացնելու համար.

«Բնականաբար, բարելավելու տեղ կա, կարծում եմ՝ 2025 թվականի լողասեզոնին էլ ավելի վերազինված ծառայություն կմատուցենք մեր հանգստացող քաղաքացիներին»:

Ջրային պարեկային ծառայությունը ևս համալրված է այն ամենով, ինչն անհրաժեշտ է ջրում վտանգավոր իրավիճակում հայտնված քաղաքացուն օգնություն ցույց տալու համար: Փրկարարներն աչալրջությամբ հետևում ու հիմնականում իրենք են առաջինը նկատում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին.

«Ջրում հայտնված քաղաքացուն փրկելու համար ծառայությունը համալրված է փրկարարական միջոցներով՝ լողամիջոցներով, ժիլետներով, փրկարարական օղակներով, պարաններով…Պարեկային ծառայության արդյունքն է, որ սեզոնի սկսելուց ի վեր քաղաքացիների ջրահեղձության դեպքեր, մոտորանավակների մասնակցությամբ դժբախտ պատահարներ չեն գրանցվել»,- նշեց Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար, մայոր Դավիթ Գալոյանը:

Ի հակադրություն դրա՝ քիչ չեն օրենքով սահմանված կարգով տուգանված քաղաքացիներն: Օրինախախտ հանգստացողների համար դրամապանակները դատարկելու հիմնական պատճառ են դառնում ոչ սթափ վիճակում կամ առանց բաճկոնի ջրային սկուտեր վարելը, նաև՝ չգրանցված լողամիջոցից օգտվելը:  

«Այս ընթացքում հաճախ հանդիպող օրինախախտներն առանց փրկարարական բաճկոնի լողամիջոց վարողներն են։ Օրենքով սահմանված կարգով՝ ջրի վրա է իրականացվում տուգանելու գործընթացը․ քաղաքացուն հրավիրում ենք մեր նավ, կազմում ենք արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ ու բարի ճանապարհ ենք մաղթում»,-նկատեց Դավիթ Գալոյանը:

Ջրափրկարարական գույքով, սարքերով հագեցված մեքենան տեղ է զբաղեցնում հանրային լողափում: Դրա մեջ գտնվում են փչովի մոտորանավակներ, օդաբալոններ, փրկարարական հանդերձանք, նաև՝ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ:

Սևան Ազգային պարկի 3 հանրային լողափներում ծառայությունն իրականացնում է ընդհանուր 21 ջրափրկարար: Բացի հանրային լողափները՝ կա ջրափրկարարական հիմնական կետ, որտեղ տեղակայված է ևս 12 հոգի: 

Անդրադառնալով հարցին, թե ինչ տեխնիկայի կարիք ունի փրկարար ծառայությունը՝ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գոռ Հովհաննիսյանը նկատեց.

«Միակ խնդիրը բարոկամերայի խնդիրն է՝ ջրասուզակների ծառայության հետ կապված: Բայց դա ամբողջ հանրապետությունում չկա: Իհարկե, մենք դեռևս դրա անհրաժեշտությունը չենք ունեցել, բայց համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ դրա անհրաժեշտությունը կա»:

Պարեկային ծառայություն իր գործունեությունն անցկացնում է ոչ միայն Սևանի ավազանում, այլև՝ հարակից համայնքներում:

Ինչպես ցամքում, այնպես էլ ջրում իրավախախտին հայտնաբերելու դեպքում տուգանելու գործընթացը նույն կերպ է կազմակերպվում: Ի դեպ, լրագրողների այցի ընթացքում Սևանա լճի հենց մեջտեղում իրավախախտման դեպք արձանագրվեց.  

«Օրինակ, առանց բաճկոնի սկուտեր վարող իրավախախտին մոտեցնում ենք ափ, նույնականացնում ենք անձին ու տեղում իրականացնում վարչարարություն: Եթե այլ խնդիրներ չեն առաջանում, բաժին տանելու անհրաժեշտություն չի լինում»,- գործընթացը ներկայացրեց Խուդինյանը

Այնուամենայնիվ, ավելորդ չէ հիշեցնել՝ որքան էլ Սևանն ու Սևանում հանգստացողներն ապահով ձեռքերում են՝ մարդկանց զգոնությունը չկորցնելը եղել ու մնում է անվտանգության հիմնական նախապայմանը: 

Նելլի Մարգարյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում