Հայաստան

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

5 րոպեի ընթերցում

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 20-21-ը  տեղի ունեցավ փաստաբանների համար նախատեսված  վերապատրաստման դասընթաց, որը  նվիրված էր վեճերի այլընտրանքային լուծման եղանակներին: Միջոցառումը կազմակերպել էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, նպատակը մեկն է`  բարձրացնել մասնագետների որակավորումը արբիտրաժի և հաշտարարության ոլորտներում:

Դասընթացի բացմանը ելույթ ունեցան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն, իրավաբան Դավիթ Ղարիբյանը։ 

«Արբիտրաժը և հաշտարարությունը վեճերի լուծման արդյունավետ մեթոդներ են, որոնց խթանմամբ AMCA-ն նպաստում է նաև իրավական մշակույթի զարգացմանը մեր երկրում, երբ վեճերի լուծումը դառնում է ավելի արագ, արդյունավետ, մասնագիտացված և նվազ ծախսատար: Այս դասընթացը կարևոր քայլ է Հայաստանի իրավական համակարգի արդիականացման ճանապարհին: Մենք հույս ունենք, որ մասնակիցները կկարողանան իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել պրակտիկայում՝ նպաստելով վեճերի արդյունավետ լուծմանը և դատական համակարգի բեռնաթափմանը», - նշեց Տաթևիկ Մատինյանը: 

Դավիթ Ղարիբյանն իր հերթին ընդգծեց.

«Այս դասընթացը կարևոր հարթակ է փաստաբանների համար՝ խորացնելու իրենց գիտելիքները վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների վերաբերյալ: Մենք ձգտում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ արբիտրաժը և հաշտարարությունը դառնում են վեճերի լուծման առաջնային ընտրություն»:

Երկօրյա  ծրագրի ընթացքում կենտրոնի մասնագետները ներկայացրին վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի վերջին զարգացումները և միջազգային լավագույն փորձը: 

Փաստաբան, ELL Partnership իրավաբանական ընկերության հիմնադիր, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը քննարկեց արբիտրաժի գործիքակազմի առավելությունները՝ շեշտադրելով ժամանակի և ռեսուրսների խնայողությունը, ինչպես նաև գործարար հարաբերությունների պահպանման հնարավորությունը: 

Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Դալլաքյանը մանրամասն անդրադարձավ արբիտրաժային վարույթի առանձնահատկություններին` ներկայացնելով արբիտրաժային համաձայնության կազմման նրբությունները և արբիտրաժային վճիռների կատարման մեխանիզմները: 

Հաշտարար Հայկ Բարսեղյանը ներկայացրեց հաշտարարության կարևոր  առավելությունները: Նա նշեց, որ հաշտարարության ընթացքում ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ, որտեղ կողմերը հնարավորություն են ստանում ազատորեն արտահայտելու իրենց մտահոգությունները, հույզերը և վախերը: Այս գործընթացը մեծացնում է յուրաքանչյուր կողմի դերի նշանակությունը՝ տալով նրանց ազատություն հանդիպման վայրը, ժամանակը և ձևը որոշելու հարցում:

Բանախոսները հատուկ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ հաշտարարությունը խնայում է ժամանակ և ֆինանսական միջոցներ: Հաշտարարի հիմնական խնդիրը պետք է լինի կենտրոնանալ կողմերի վրա, ոչ թե միայն արդյունքի: 

Կարևորվեց հաշտարարի համապատասխան որակավորման և հմտությունների անհրաժեշտությունը՝ գործընթացն արդյունավետ վարելու համար:

AMCA արբիտր, լիցենզավորված հաշտարար, փաստաբան Գագիկ Գրիգորյանը  վերլուծեց հաշտարարության հոգեբանական ասպեկտները և անաչառության ապահովման մեխանիզմները: Ներկայացվեց  փաստաբանների դերը հաշտարարության գործընթացում: Նա նկատեց, որ հաշտարարության կարևոր կողմերից մեկը գաղտնիությունն է, որը թույլ է տալիս կողմերին ազատ բացահայտելու հաշտարարին իրենց  իրենց խնդիրները անաչառ և անկաշկանդ մթնոլորտ ապահովելու համար։ 

Հաշտարարությունը լայնորեն ընդունված է այնպիսի առաջադեմ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան և Ավստրիան։ 

ADWISE Business and Legal Consulting ՍՊԸ-ի գործընկեր, իրավախորհրդատու, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ,  Արա Խզմալյանը ներկայացրեց գործնական խորհուրդներ, թե ինչպես կարող են փաստաբաններն արդյունավետ ուղղորդել իրենց վստահորդներին դեպի վեճերի այլընտրանքային լուծման մեթոդներ: 

Ակնկալվում է, որ նման դասընթացները կրելու են շարունակական բնույթ՝ նպաստելով Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացմանը և իրավական համակարգի արդիականացմանը: 

Հետագա ուսումնասիրությունները կանդրադառնան այս նախաձեռնության երկարաժամկետ ազդեցությանը Հայաստանի իրավական դաշտի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում