Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

3 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում է համարում 2024 թվականի հունիսի 26-29-ը նվագախմբի՝ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համերգասրահներում համերգները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը Բոսթոնի «Սիմֆոնի հոլ», Նյու Յորքի «Քարնեգի հոլ», Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահներում կատարել է Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

«Հպարտ ենք, որ կարողացանք շատ լավ ելույթներ ունենալ։ Մեծ ռիսկ էր, քանի որ ներկայացնում էինք մեկ կոմպոզիտորի։ Մենք շատ ենք խոսում և հավատում այն արժեքներին, որ ունենք, սակայն երբեմն չենք կարողանում ճիշտ ներկայացնել։ Համերգից հետո հասկացանք, որ ճիշտ էր միայն Խաչատրյանի երաժշտությունը հնչեցնելը։ Մեզ հետ էր փայլուն մենակատար Սերգեյ Խաչատրյանը»,-ասաց Սմբատյանը։

Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, կազմակերպիչները, հանդիսատեսը հիացած են եղել։ Չի բացառվում, որ  նվագախումբը կրկին մեկնի ԱՄՆ։

«Մեր հյուրախաղերը կազմակերպել էր IMG Artist-ը, որը տարեկան  հինգ նվագախումբ է ներկայացնում ԱՄՆ-ի շուկայում։ 18 տարվա ակտիվ գործունեության արդյունքում մենք կարողացանք ԱՄՆ-ում հյուրախաղերով ներկայանալ մեր գաղափարակիցների, աջակիցների և այն մարդկանց շնորհիվ, որ վստահ էին՝ պատրաստ ենք։ Ոգևորությունն այնքան մեծ է, որ ծրագրում են նորից մեզ հրավիրել այնտեղ»,-շեշտեց Սերգեյ Սմբատյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն  ծրագրել է մինչև 2026 թվականի անելիքները, սակայն չի կարող բացել բոլոր փակագծերը։

Սմբատյանի խոսքով՝ կարողանում են իրականացնել գաղափարները համակարգված աշխատանքի շնորհիվ։ «19-րդ համերգաշրջանը շատ խիտ է լինելու, խայտաբղետ։ Հուլիսի 21-ին շատ հաջողված համերգ ունեցանք՝ «Սիմֆոնիկ Ջեքսոն»-ը, որը այն մոդելն է, որով ցույց ենք տալիս՝ նվագախումբը կարող է նվագել ամեն ինչ։ Նոր համերգաշրջանում ծրագրում ենք էլ ավելի շատ երիտասարդների ինտեգրել մեր ակադեմիական արվեստ, որովհետև «Սիմֆոնիկ» շարքն իրականացնում ենք հատուկ այդ նպատակով։  Կլինեն նաև կրթական ծրագրեր և հայտնի մենակատարներ, որոնք կհյուրընկալվեն մեր փառատոններին ու մրցույթներին»,-նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի ընկերներ, աջակիցներ, որոնք իրենց հնարավորություն են տալիս ավելի մեծ երազել։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում