ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում հուլիսի 19-ին «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ կայացավ հայտնի «Queen Sensation» խմբի բացառիկ համերգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին աշխարհահռչակ Queen-ի լավագույն հիթերը։
«Queen Sensation» խումբն առաջին անգամ է Հայաստանում:
«Queen Sensation» խումբն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին և բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, ովքեր նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ և ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ Եվրոպայում և շուտով դարձել հանդիսատեսի կողմից սիրված խմբերից մեկը: 2017 թվականից սկսած հանդես են գալիս «Queen Symphony» շոու ծրագրով` 42 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ և 16 հոգուց բաղկացած երգչախումբ: Հաջողված շոու ծրագիրը շարունակվեց Բելգրադում և Զագրեբում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Խորվաթիայում և Եվրոպական այլ երկրերում։
2023 թվականին կազմակերպվեց ամանորյա մեծ շոու Խորվաթիայում: Փետրվարին և մարտին խումբը նոր 37 շոու ծրագրերով շրջագայություն ունեցավ Ավստրիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում: