Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

9 րոպեի ընթերցում

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչի տարբեր տարիների աշխատանքներ։ Կտավները բազմաժանր են, թեմաները՝ հուզիչ։ Շահումյանն իր ստեղծագործություններով անդրադարձել է այսօր հասարակությանը, երկրին մտահոգող հարցերի, ցույց տվել իրավիճակն ու դրանից բխող ռիսկերը։ Նկարիչը չի մոռացել նաև կանանց մասին։ Նրա կտավներում կանայք գեղեցիկ են, ազատ, թովիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որ տեղի ունեցավ հուլիսի 18-ին Հայաստանի նկարիչների միությունում, Շահումյանն ասաց՝ շուրջ վաթսուն տարվա աշխատանք է ընդգրկված ցուցադրությանը՝ 1970 թվականից մինչ մեր օրեր։ Փոքր տարածքի պատճառով չի ներառել դիմանկարների շարքը, որոնցում հնարավոր է տեսնել Հրանտ Մաթևոսյանին, Էդուարդ Իսաբեկյանին, Լևոն Թուխիկյանին, իր երեխաներին և այլոց։

«Որոշեցի ներկայացնել այն աշխատանքները, որոնցում հանրությանը մտահոգող  խնդիրներն են։ Կան նաև պեյզաժներ, բայց անգամ դրանցում փորձել եմ արտահայտել այն, ինչ կա մեր սրտում։ Մարդը ծնված օրից հույսերով է ապրում ու մտածում լավ ապագայի մասին։ Կան խնդիրներ, բայց վստահ եմ, որ մեր միասնության շնորհիվ կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն։ Չարենցը հենց այնպես չի ասել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»,-նշեց Շահումյանը։

Գեղանկարիչը պատմեց՝ մինչ նկարիչ դառնալը ճանապարհ է անցել։ Նախ պիոներ պալատում քանդակագործություն է սովորել, երկու տարի աշխատել է Արա Սարգսյանի արվեստանոցում, որտեղ առնչվել է լուրջ արվեստի և լուրջ մարդկանց հետ։ «Ընդունելության քննություններին, երբ արդեն վերջին քննությունը հանձնել էի և ուրախ դուրս եկա, պարզվեց, որ Մոսկվայից հրամայել են հանրապետություններում ստեղծագործական բաժինները փակել, միայն կիրառական արվեստի բաժինները թողնել։ Նկարիչներին, քանդակագործներին հավաքեցին, երկու խմբի բաժանեցին։ Այդ ժամանակ հայտնվեցի նկարիչների շրջանում։ Հիշելով նաև Վերածննդի ժամանակաշրջանը՝ տարվեցի նկարչությամբ։ Երբ արդեն հնարավոր էր քանդակի բաժին տեղափոխվել, ասացի՝ մնում եմ այստեղ»,-պատմեց Շահումյանը։

Նկարչի համար ոճի ընտրությունը գերնպատակ չէ։ Ցանկացած խնդիր արտահայտելիս փորձում է այդ խնդրին համապատասխան ուղղություն, ոճ ընտրել։ Ոճն իրեն երբեք չի կաշկանդում։

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, այլ պաշտոնյաներ և Հաղթանակ Շահումյանի գործընկերները, ընկերները, արվեստի երկրպագուները։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, շնորհավորելով Շահումյանին, նրան առողջություն մաղթեց, անսպառ էներգիա, երկար տարիների ստեղծագործական կյանք։ Նրա խոսքով՝ նկարչի կարծիքն ու խորհուրդներն իրենց համար շատ թանկ են։

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը վաղ էր եկել ցուցադրությունն ուշադիր դիտելու համար։ «Ես համոզվեցի, որ սա հաղթանակի ցուցահանդես է։ Վաղուց եմ ծանոթ իմ լավ ընկերոջ ստեղծագործություններին։ Հիշեցի նրա՝ տասը տարի առաջ կազմակերպած ցուցադրությունը, որ տպավորել էր ինձ։ Ըստ իս՝ տաղանդավոր նկարչի ստեղծագործություններ էին, իսկ այս ցուցահանդեսը ոչ միայն տաղանդավոր նկարչի, այլև տաղանդավոր քաղաքացու, հայրենասեր մարդու աշխատանքներն է ներկայացնում և խոսում առավել հասունացած մտքի, վարպետի աշխատանքի մասին։ Հիացած եմ»,-շեշտեց Միրզոյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է՝ իրենց սերունդը բախտավոր է, քանի որ իրենց սերնդի նկարիչները, գրողները, երաժիշտները, ճարտարապետները մշտապես հաղորդակցվել են, համատեղ միջոցառումներ կազմակերպել, ինչը թույլ է տվել առավել լավ ճանաչել միմյանց, միմյանց լավագույնս ներկայացնել հասարակությանը։ «Այսօր ոմանք արվեստին սատարելու փոխարեն հարցնում են՝ արդյոք կա՞ն նկարիչներ, գրողներ... Նման մարդկանց հորդորում եմ կարդալ ժամանակակիցների գործերը, այցելել ցուցահանդեսների, ունկնդրել երաժշտությունը։ Հաղթանակը մեր սերնդի լավագույն նկարիչներից է, որ ամեն ցուցահանդեսով յուրովի է ներկայացնում իր աշխարհը՝ թարմացնելով  և՛ գրաֆիկական, և՛ գեղանկարչական գունաոճային աշխարհը»,-ընդգծեց Միլիտոնյանը՝ հաղթանակ մաղթելով ոչ միայն նկարչին, այլև Հայաստանին։

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը հավաստիացրեց՝ ցուցադրությանը բառի բուն իմաստով արվեստ է ներկայացված, արվեստ՝ իր բոլոր դրսևորումներով։ «Հաղթո ջան, իսկապես հրաշալի աշխատանքներ են, փառահեղ են ոչ միայն կատարողական իմաստով։ Նա իր ներքին հզորությունն ասես շպրտել է կտավի վրա։ Դիտում ես ու մտածում՝ այս ի՞նչ ուժ ու եռանդ կա այս կտավներում։ Հիացած եմ, հրճվանք եմ ապրում»,-նշեց Թաթոսը։

Հայաստանի վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանը պատանի տարիներից է Շահումյանի ընկերը։ «Նրա արվեստը, նկարչությունն ամեն օր իմ տեսադաշտում են եղել։ Հաղթանակը  հաղթանակ բարձր կոչումն իր ամբողջ կյանքում է տանում. որպես նկարչ ապրում է, որպես նկարիչ վաստակում է և ցուցահանդեսներ բացում։ Շնորհավորում եմ նրան։ Նա բառի բուն իմաստով նկարիչ է»,-ասաց Արզումանյանը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի համոզմամբ՝ արվեստագետը պետք է ասելիք ունենա, եթե ունի, կարողանում է այն ներկայացնել հանրությանը։ «Հաղթանակն ասելիք ունի։ Մենք հարևաններ ենք. շախմատ ենք խաղում, նարդի ենք խաղում, շատ ենք զրուցում։ Նա իր կյանքով է ապրում, և այդ ապրածը երևում է նրա նկարներում։ Ըստ իս՝ 80-ը շատ փոքր թիվ է, բայց այն, ինչ անում է Շահումյանը, հասունացել էր վաթսուն տարեկանում, և այստեղ նրա ամբողջ ստեղծագործական գունապնակն է»,-նշեց Սաթյանը՝ շնորհավորելով Հաղթանակ Շահումյանին։

Հաղթանակ Շահումյանը ծնվել է 1944 թվականի հուլիսի 19-ին Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977-1989 թվականներին եղել է Երևանի գլխավոր նկարիչ։

Մոտ երկու տասնամյակ զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր նկարչի պաշտոնը՝ Շահումյանն իր գործուն ներդրումն է ունեցել նաև Երևանի ավանդական կերպարի ու քաղաքացու համակեցության մշակույթի ձևավորման մեջ։ Նա կարծում է՝ այժմ աջ ու ձախ շինարարություն է կատարվում Երևանում, ինչը ցավալի է։ «Հրապարակի շուրջբոլորը բարձրահարկ շենքեր են։ Ժամանակին դա արգելված էր։ Կենտրոնում ամենաբարձր շենքը պետք է յոթը հարկ լիներ։ Շատ տարիներ առաջ ոչ մի ղեկավար չէր միջամտում քաղաքաշինական խորհրդի աշխատանքին։ Ինչ որոշում էր խորհուրդն ու Ճարտարապետների միությունը, օրենք էր անգամ ամենաբարձր ղեկավարի համար։ Ասեմ, որ նույնիսկ խորհրդային տարիներին որևէ կուսակցության անդամ չեմ եղել։ Իմ նկարներում նաև դա եմ ընդգծվում, որ մեր դժբախտություններից մեկը մեր բազմակուսակցական միջավայրն է, որը խարխլում է մեր պետականությունն ու երկիրը, որ դրախտավայր է, չգիտես, թե ինչ է սարքել»,-շեշտում է նկարիչը։

Շահումյանի գործերին հատուկ են ֆիգուրատիվ մտածողությունը, իրականության էքսպրեսիոնիստական և խորհրդապաշտական ընկալումները։

Նկարչի աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վարշավայի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլուր։ Հաղթանակ Շահումյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Պիրենում, Վարշավայում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Փարիզում, Երևանում, Մելբուռնում, Լիբանանում և այլուր։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 27-ը ներառյալ։ 

 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` Դավիթ Ջոտյանի

 

 

 

 

 

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

Մարզեր

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կոտայքի մարզում մի խումբ մարդիկ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել. 6 անձ ձերբակալվել է

Իրավունք

Կոտայքի մարզում մի խումբ մարդիկ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել. 6 անձ ձերբակալվել է

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Իրավունք

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները

Հայաստան

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

Ֆինանսներ

Հայաստանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում