Տնտեսություն

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

11 րոպեի ընթերցում

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակովի տարածքների ընդլայնման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման համար: Այդ նպատակին են միտված նշված հողամասերի միավորմանն աջակցելու 2023-2025 թվականների ծրագրում կատարված փոփոխությունները: «Արմենպրես»-ը փորձել է պարզել, թե որքանով են նպատակային ընդունված փոփոխությունները և հնարավոր ինչ խութերի կարող են բախվել:  

Հայաստանում հողերի խոշորացման խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Այն, կարելի է ասել, ծագել է կոլտնտեսությունների վերացման, երբեմնի պետական դաշտերի և այգիների մասնատման ու դրանց օգտագործման արդյունավետության անտեսմամբ սեփականաշնորհելու պահից: Նման մոտեցումը, բնականաբար, հանգեցրել է այդ հողակտորների մշակմանն առնչվող բազում տեխնիկական և մասնագիտական խնդիրների՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով, որոնք տարիների ընթացքում գնալով խորանում են: Իսկ դա արդեն առանց չափազանցության վերածվում է ազգային անվտանգության հարցի:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրում: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և ինչո՞վ են դրանք պայմանավորված:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ ծրագրում փոփոխությունների և լրացումների իրականացումը պայմանավորված է պետական աջակցության ձևի և միավորվող հողամասի չափի փոփոխությամբ: «Նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում պետական աջակցություն տրամադրել նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում»,- նշեց նա: 

Ավելի վաղ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերը մեղմելուն: «Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել հողերը չօգտագործելու խնդիրը, գտնել գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման ուղիներ: Հողերի խոշորացմանը միտված պետական երկու օժանդակության ծրագրերի փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է աջակցել հողամասերի միավորմանը՝ փոխհատուցելով ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը: 

Միաժամանակ, միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի խթանելու փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը: Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը։ Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է միավորել շուրջ 400 հա հողատարածք»,- նշված է փաստաթղթում: 

Ի՞նչ է կարծում փորձագետը

Տնտեսագիտության դոկտոր, «Ամբերդ» հետազոտական ​​կենտրոնի ծրագրերի համակարգող Սամվել Ավետիսյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշեց.

«Հայաստանում հողի սեփականաշնորհումից ավելի քան երեք տասնամյակ անց գյուղատնտեսության ոլորտում կազմակերպչական առումով ամենախոցելի կողմը մնում են բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների առկայությունը և դրանց փոքր չափերը։ Փորձագիտական տվյալներով՝ ներկայումս երկրում կա շուրջ 320 հազար ընտանեկան գյուղացիական տնտեսություն, իսկ մեկ տնտեսությանը բաժին է հասնում 1.5 հեկտարից պակաս գյուղատնտեսական նշանակության հող, որից մշակովի հողերը կազմում են մոտ 0.9 հա։ Միաժամանակ, մեկ տնտեսությունն ունի միմյանցից բավականին հեռու գտնվող 2-3 հողակտոր, որոնց մշակումը, առավել ևս՝ գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործումը խիստ դժվար է։ Ըստ այդմ՝ մեր սակավահող հանրապետությունում գյուղատնտեսական հողերի կեսից ավելին նպատակային նշանակությամբ չի օգտագործվում։

ՀՀ կառավարությունը բազմիցս անդրադարձել է այս հիմնախնդրի կարգավորմանը, սակայն առ այսօր արդյունավետ լուծում չի գտնվել։ Հարցի վերաբերյալ վերջին որոշումը՝ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը» ընդունվել է 2022 թվականի օգոստոսի 4-ին։ 2023 թվականի մայիսի 18-ին և 2024 թվականի հունիսի 14-ին ծրագրում կատարվել են փոփոխություններ: Նպատակն է գտնել գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման ուղիներ: Անչափ կարևոր է, որ ի թիվս այլ քայլերի՝ կառավարությունը նախատեսում է աջակցել միավորվող հողերի համար կարգավորվող ջրամբարների կառուցմանը»։ 

Ի՞նչ է նախորդել փոփոխություններին

Հայաստանում հողերի միավորման փորձնական ծրագիրը մեկնարկել է ավելի վաղ: Ինչպե՞ս է այն ընթացել, որքանո՞վ է արդյունավետ և նպատակային եղել:

Հայկազ Նասիբյանը նշեց. «2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշմամբ հաստատված հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում ձեռք է բերվել 11.4 հա ընդհանուր մակերեսով 39 հողակտոր, որոնք հետագայում միավորվելով՝ վերածվել են 15 հողակտորների: Ծրագրի իրականացմանը խոչընդոտել են համայնքների կողմից հարցի լուծման նկատմամբ շահագրգռվածության ոչ բավարար լինելը, հողերի գնի արհեստական բարձրացումը, քաղաքացիների կողմից չօգտագործվող հողերը չվաճառելը և այլն: Հաշվի առնելով, որ փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել՝ նպատակահարմար է գտնվել չշարունակել ծրագիրը և ներկայացնել հողերի միավորման ծրագրային նոր գործիքակազմ, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 875-Լ որոշմամբ:

Միաժամանակ, նշենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի՝ «Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շրջանակներում ձեռք բերված, սակայն չվաճառված հողերի տնօրինման և տիրապետման մասին» N 843-Լ որոշմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին թույլատրվել է ծրագրի շրջանակներում ձեռքբերված հողերը շուկայական արժեքով (հողերի ձեռքբերման արժեքի և դրանց վրա կատարված ծախսերի արժեքից ոչ պակաս արժեքով) վաճառել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով»:

Հնարավոր ռիսկեր

Ի՞նչ բարդություններ կարող են ծագել արդեն փոփոխված և լրացված ծրագրի իրականացման ընթացքում, ինչպե՞ս կարելի է չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել դրանք:

«Ծրագիրը հնարավորություններ է ընձեռում գյուղացիական տնտեսվարողներին՝ հողերի միավորման և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման համար: Ծրագրի հնարավոր ռիսկ կարող է հանդիսանալ հողի գնի բարձրացումը»,- հարցին այսպես արձագանքեց Հայկազ Նասիբյանը:

Փորձագետի գնահատականը

«Ծրագիրը շարադրված է ոչ հստակ, շատ հարցադրումներ պարզ չեն։ Այնպիսի տպավորություն է, որ այն նախատեսված է կոնկրետ շահառուի կամ շահառուների համար և հասանելի չէ բոլոր հողօգտագործողներին։ Կարծում եմ՝ այն պետք է վերանայել ու պարզեցնել։ Կա նաև մասնագիտական խորհրդատվության կարիք»,- գտնում է Սամվել Ավետիսյանը։

Ի՞նչ է սպասվում վերջնարդյունքում

Որքանո՞վ է արդիական և կարևոր հողերի միավորման խնդիրը Հայաստանում և ի՞նչ արդյունք է ակնկալվում այս ծրագրի իրականացումից:

Հայկազ Նասիբյանի գնահատմամբ՝ ժամանակակից պայմաններում հողերի մասնատումը մանր հատվածների բացասաբար է անդրադառնում դրանց լիարժեք և ինտենսիվ օգտագործմանը: «Հողերի մասնատվածությունը տնտեսապես արդյունավետ չէ. գյուղատնտեսական գործունեություն ծավալելը կապված է մեծ դժվարությունների, երբեմն էլ՝ անհաղթահարելի խոչընդոտների հետ: Այդ առումով գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրերը խիստ արդիական են: Ակնկալվում է, որ այս ծրագրի շնորհիվ չօգտագործվող և մասնատված հողակտորների քանակը կնվազի, միավորված հողամասում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կավելանա, ծրագրում ընդգրկված տնտեսվարողների եկամուտները և վճարունակությունը կաճեն, հողերի շուկան կզարգանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, մշակվող հողատարածքներում կավելանան ներդրումների ծավալները, կկրճատվեն գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի հետ կապված ծախսերը»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը:

Իսկ Սամվել Ավետիսյանը վերստին ուշադրություն հրավիրելով հողերի միավորման խնդրի հիմնավոր լուծման անհրաժեշտությանը՝ միաժամանակ նշեց, որ չի կարծում, թե ծրագիրը կնպաստի այդ դժվարին խնդրի լուծմանը:

Հրայր Նազարյան

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում