Հայաստանում կձևավորվի Ոստիկանության գվարդիա. ինչ գործառույթ կիրականացնեն ծառայողները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է ձևավորել Ոստիկանության գվարդիա, ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ այսպիսով կլուծարվեն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության գվարդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Փաթեթով հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը: Այն այլևս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում և հետևապես թե խաղաղ, թե պատերազմական դրությունների ժամանակ կգտնվի ՆԳՆ-ի ընդհանուր համակարգման և ոստիկանապետի անմիջական ղեկավարման ներքո: Ըստ այդմ՝ կունենա մաքուր ոստիկանական ստորաբաժանման կարգավիճակ ամբողջ ոստիկանական համակարգում: Հակառակ պայմաններում մենք գործող երկակի կարգավիճակ ունենք, որ զորքերը, չնայած լինելով Ոստիկանության ստորաբաժանում, մեկտեղում է արտաքին և ներքին անվտանգության ֆունկցիոնալը, որովհետև ուղղակի պարտականություն ունի մասնակցելու ՀՀ պաշտպանությանը»,-ասաց փոխնախարարը:

Հստակեցվել են Ոստիկանության գվարդիայի գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձանց պաշտպանություն, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը:

Գվարդիան լինելու է ամբողջովին նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Վերոնշյալ գործառույթներն այսօր սպասարկող ստորաբաժանումները, օրինակ՝ Ոստիկանության զորքերը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակը, Քրեական ոստիկանությունում առկա վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց գործունեությունը, դրա փոխարեն ստեղծվելու է Ոստիկանության գվարդիան:

Գվարդիան տեղակայվելու է ոչ միայն Երևանում: Հանրապետությունում 3 մասերի է բաժանվելու, հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում Ոստիկանության գվարդիան կունենա իր ստորաբաժանումները: Գվարդիայի հրամանատարը կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը: Ոստիկանության գվարդիա մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով: Եվ այդ կրթական գործընթացի հաղթահարմամբ է միայն, որ անձը կարող է նշանակվել Ոստիկանության գվարդիայում: Ավտոմատ նշանակումներ չեն լինելու:

«Ի թիվս այլնի, ներմուծում ենք նոր ստանդարտ՝ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Օրենքի մակարդակում առաջին անգամ մանրակրկիտ կարգավորվում են այս հարաբերությունները»,-ասաց նա:

ՆԳ նախարարի հրամանով կնախատեսվի համապատասխան ստանդարտ օպերացիոն գործընթաց, որտեղ մանրամասն նկարագրված կլինեն, թե որ դեպքում ինչպես պետք է ուժային միջոցը գործադրվի, որ դեպքում հատուկ միջոցն ինչպես պետք է գործադրվի, որպեսզի նվազ միջամտությամբ հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ միջոցների ապահովումը:

Նախագծով վերացվում է այն արգելքը, որը վերաբերում է նախագահի, ԱԺ-ի, կառավարության նստավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա հավաքն անցկացնելուն: Սահմանափակումը հանվում է՝ հաշվի առնելով, որ պրակտիկան վկայում է հակառակի մասին, ցույցերը բավականին մոտ են իրականացվում այդ տարածքներին: «Եվ, եթե անձի բողոքն անմիջապես ուղղված է տվյալ կառույցին, տրամաբանական է, որ որևէ լրացուցիչ սահմանափակումներ այս տեսանկյունից չեն կարող լինել»,-ասաց Սարգսյանը:

Նախատեսվում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից: Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կնշանակվի մինչև 2025թ հունվարի 10-ը՝ այն հաշվառմամբ, որ մինչև այդ իրականացվելու են ոստիկանների լայնածավալ վերապատրաստումներ: Վերջնական ձևավորումը կնախատեսվի հրամանատարի նշանակումից հետո երկամսյա ժամկետում:

Գույքագրվել է նաև Ոստիկանության գվարդիայի հնարավոր սպառազինության ցանկը: Լիովին նոր համազգեստ են նախատեսելու ծառայողների համար:

Հայերեն Español

Հայաստանը Ֆրանսիային է հանձնել ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձին

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Սոցիալական կրեդիտը հնարավոր կլինի ուղղել մեդիային, ՀԿ-ներին, կուսակցություններին

Սաուդյան Արաբիան ՀՕՊ հարցով աջակցություն է խնդրել Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից. AP

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար. Փաշինյան

Արաղչին դրական է գնահատել Չինաստանում կայացած բանակցությունները

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ, պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

Փաշինյանը խաղաղության հասնելու համար օգտակար չի համարում մեխանիկական փոխադարձության սկզբունքը