Տնտեսություն

ՀՀ–ում բենզին, դիզվառելիք կա և կլինի. Պապոյանը՝ երկաթուղու վնասման պայմաններում վառելիք ներմուծելու նոր լուծման մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ–ում բենզին, դիզվառելիք կա և կլինի. Պապոյանը՝ երկաթուղու վնասման պայմաններում վառելիք ներմուծելու նոր լուծման մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղեղումների հետևանքով երկաթուղու վնասման պայմաններում Հայաստան վառելիք հասցնելու համար ժամանակավոր լուծում կտրվի, երկրում բենզինի, դիզվառելիքի խնդիր չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով երկաթգծի վնասման տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցին:

«Երկաթգծի մասով ունենք խնդիր, որովհետև Հայաստան եկող բենզինն ու դիզվառելիքը գալիս են երկաթուղու միջոցով: Ըստ էության, բենզինն ու դիզվառելիքը մինչև Այրում կայարան կգան, երկաթուղին դրանից հետո է վնասված: Մենք ժամանակավոր լուծում ենք գտել: Այրում կայարանի հարևանությամբ մի կամուրջ կա, որը կծառայեցվի բեռնատար մեքենաներով փոխադրումներ իրականացնելուն: Բենզինն ու դիզվառելիքն Այրում կայարանում կբեռնաթափվեն, էկոնոմիկայի նախարարությունը նմուշառումն ու լաբորատոր ստուգումը տեղում կկազմակերպի: Դրանից հետո արդեն վառելիքը բեռնատար մեքենաներով կտեղափոխվի համապատասխան վայրեր»,–ասաց նախարարը:

Նախարարը հայտնեց, որ հանդիպում է ունեցել Հայաստան վառելիք ներմուծող բոլոր ընկերությունների հետ, քննարկել ու եկել են այս լուծմանը: Իհարկե, կան լոգիստիկ խնդիրներ, ծախսի ավելացում է եղել, սակայն, նախարարը վստահեցրեց, որ ֆունդամենտալ առումով խնդիր չկա ու չի լինի:

«Հայաստանում բենզին, դիզվառելիք եղել է, կա ու կլինի»,–հավաստիացրեց Պապոյանը:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, կան զոհեր: Հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում