Հասարակական

Վարչապետը կամրջաշինության ոլորտում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը կամրջաշինության ոլորտում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։

«Շատ կարևոր է, որ մենք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ ենք ստացել միջազգային գործընկերներից։ Կարծում եմ, որ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության մայիսի 30-ի նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին տեղեկացրեց, որ մի շարք միջազգային մեխանիզմներ կան, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

«Հատկապես, կան գործընկերներ, ովքեր հենց մոդուլյար կամուրջների հարցում մեզ կարող են շատ օգնել։ Մենք հիմա այն փուլում ենք, որ մեզ պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից: Այդ հարցում հույսներս մեծապես դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա։ Այն պահին, երբ ամբողջական և հստակ քանակներ և տեսակներ ունենանք, մենք կարող ենք կոնկրետ դիմել»,-եզրափակեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում