«Նոր գիրք»-21/24. Ազնավուր, Մոնթգոմերի,Մունիե

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Շառլ Ազնավուր, Ազնավուր. երկերի ժողովածու

ՀԱՏՈՐ 1 / ԱՐՁԱԿ - Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի հեգնանքի մասին: Պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։ Ժամանակակից արվեստն ինչո՞ւ է կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ․ նա բարձրացնում է ամենաարդիական հարցերը և ուղղորդում երիտասարդ արտիստներին։ Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ ու հանդուրժող։

ՀԱՏՈՐ 2 / ՊՈԵԶԻԱ - Պոեզիայի այս ժողովածուն ամփոփում է մաեստրոյի պոեզիայի չորս հատորները՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․», որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Այս ստեղծագործությունների մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները մեծ աղմուկ են բարձրացրել, որոշներն էլ ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, զրույց Աստծո հետ. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։ Հավաքածուն լույս է ընծայել Newmag-ը:

Մանկապատանեկան գրականություն

Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Աննան Արքայազնի կղզում»

Կանադացի վիպասանուհի Լուսի Մոդ Մոնթգոմերիի՝ 1915-ին լույս տեսած «Աննան Արքայազնի կղզում» վեպը հայ ընթերցողին է ներկայացնում արդեն վաղուց հայտնի («Աննան Կանաչ կտուրներից», «Աննան Ավոնլեայում») կարմրահեր ու երազկոտ աղջկա՝ Աննա Շիրլիի կյանքի նոր պատմությունը:

Գրական այս հրաշալի կերպարը, որը վաղուց հասցրել է գրավել բազում ընթերցողների սրտերը, ներկայանում է նոր լույսի տակ. Աննան արդեն ուսանողուհի է և համալսարանական կրթության հետ մեկտեղ ուսանում է նաև կյանքի դասերը: Նա կատարում է նաև գրական փորձեր, որտեղ, ինչպես և ամենուրեք, ուրախությունն ու հիասթափությունը հաջորդում են միմյանց:

Աղջիկը տառապում է երազանքների և իրականության դաժան բախումից: Նա անցնում է մանկության տխուր ճամփաներով, ապրում դասընկերուհու կորստի պատճառած ցավը և բացահայտում է իրական սիրո տվայտանքները: Այդուհանդերձ, Աննան պահպանում է իր անաղարտ երազանքներն ու վերջիվերջո ձեռք բերում ամենից կարևորը՝ անդավաճան և մաքուր սերը: Թարգմանությունը՝ Հայկանուշ Շարուրյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Ֆրեդերիկ Մունիե, «Պապը, որ ուզում էր փոխել եկեղեցին»

Անվերապահ հավատ, տարակուսանք, կոշտ քննադատություն... Հռոմի Ֆրանցիսկ պապը տարբեր հույզեր է արթնացրել մարդկանց մեջ: Նրա ազատամիտ գաղափարները անհանգստացրել են Կաթոլիկ եկեղեցու բազմաբարդ կառույցներին և Վատիկանի ներսում բուն դրած խմբավորումներին, որոնք ծաղկում էին նախորդների օրոք... Մինչ պապի՝ մոտալուտ հրաժարականի մասին իրարամերժ լուրեր են պտտվում, ներկայացնենք այն մարդու դիմանկարը, որը մտադիր էր փոխել Կաթոլիկ եկեղեցին:

Վատիկանում իրականացված լրագրողական հետաքննության վրա հիմնված կենսագրական գիրքը պատմում է Հռոմի Ֆրանցիսկ պապի հովվապետության առաջին յոթ տարիների մասին՝ լույս սփռելով այն դժվարությունների, ներքին կատաղի դիմադրության վրա, որոնց բախվել է պապը, որը երազում էր արդիական ոգով բարեփոխելով՝ փրկել Եկեղեցին: Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նաիրա Մանուկյանի։ Խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում