ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով շարունակական և արդյունավետ կլինի:
«Նորվեգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` նշելով, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նրա խոսքով՝ Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:
Կարևորելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարումը` հանձնաժողովի նախագահը ողջունել է Նորվեգիայի` առաքելությանը միանալու նախաձեռնությունը:
Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման հարցում Նորվեգիայի մասնակցության համար: Նա կարևորել է խորհրդարանի կարողությունների զարգացմանը նպատակաուղղված աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը:
Քննարկվել են համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Նշվում է, որ կարևորվել է համանուն հանձնաժողովների միջև փոխգործակցության ակտիվացումը: