Հասարակական

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով կատարվում են մասնակի քանդման աշխատանքներ

8 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով կատարվում են մասնակի  քանդման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համատեղ ձեռնարկել է խիստ միջոցներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գևորգ Խրիմյանից և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանից, ծրագիրն իրականացնող կապալառու ընկերության հետ Քաղաքաշինության կոմիտեն և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է՝ իր միջոցներով քանդել խնդրահարույց տեղամասերը և հետագա շինարարական աշխատանքները կատարել հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից տրվող նախագծային նոր լուծումներին համապատասխան։ Այդ նպատակով մայիսի 21-ին շինհրապարակ են այցելել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի, հեղինակային հսկողությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։ Կախված արձանագրված խնդիրների բնույթից՝ նրանք տվել են ամբողջական կամ մասնակի քանդման և վերականգնման ցուցումներ։

Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Գրիգորյանշին» ՍՊ ընկերության միջև 2020 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է պայմանագիր։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ ներառյալ ապաստարանի կառուցումը, կազմում է շուրջ 647․7 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ աշխատանքների ավարտ էր սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 18-ը։

Սակայն 2024 թվականի մայիսի 21-ի դրությամբ ծրագրի շինարարական աշխատանքները դեռևս մնում են անավարտ, մինչ օրս փաստացի կատարված աշխատանքների համար վճարվել է շուրջ 255․2 միլիոն դրամ։

Ծրագրի հեղինակային հսկողությունն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Շինսերտիֆիկատ» ՍՊ ընկերությունը։

Աշխատանքային նախագծով նախատեսված է կառուցել 144 աշակերտի համար նախատեսված տիպային դպրոցի շենք, որի երկու սենյակները ծառայելու են որպես նախակրթարան։ Ըստ գլխավոր հատակագծի՝ նախատեսված է սպորտային հրապարակ, վազքուղի, ջերմոց, տնտեսական բակ, ավտոկայանատեղի, արևային մարտկոցների տեղադրման տարածք, լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան

«Իրականացված անորակ շինարարության համար մեկ անգամ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ պահանջով դեռ 2021 թվականին քանդվել է բետոնյա ծածկը և նորից կառուցվել, սակայն այդուհետ էլ կապալառու կազմակերպությունը շարունակել է անորակ շինարարությունը։ Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ պայմանագրային պարտավորությունները կատարել պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի մոտեցումը հստակ է՝ իրականացված որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու։

Ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները շինհրապարակ կատարած այցերի ընթացքում պարզել էին, որ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են մի շարք թերություններով։ Արձանագրվել էին նախագծային բազմաթիվ շեղումներ միաձույլ երկաթբետոնե սյուների բետոնացման, տանիքի մետաղական կոնստրուկցիաների տեղադրման և այլ գործընթացներում։

Խնդրի լուծման համար Քաղաքաշինության կոմիտեն ձևավորել է հանձնաժողով, որի կազմում կոմիտեի մասնագետներից բացի ներառվել են նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության մասնագետները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հանձնաժողովը տեղում կատարել է ակնադիտական ուսումնասիրություն և համապատասխան տեխնիկական միջոցներով ստուգում, ինչի արդյունքում պարզվել է, որ դպրոցի շենքի կրող կոնստրուկցիաների բետոնացումն իրականացված է նորմատիվային խախտումներով, սյուները կառուցված են «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» նորմերի խախտումներով, մասնավորապես՝ սյուների բետոնը որոշ տեղերում քայքայված է, սյան ելուստները ենթարկված են կոռոզիայի, բոլոր կցամասերը թողնված են մի հարթության մեջ, պահպանված չէ պաշտպանիչ շերտի թույլատրելի հաստությունը, ձողերը լրիվ շեղված են և չեն համապատասխանում իրենց նախագծային դիրքին։ Բացի այդ, ծածկերը բետոնացումից հետո չեն ենթարկվել պատշաճ խնամքի, նաև կարող է լինել ամրանի վերևի գոտու դեֆորմացում։ Իսկ տանիքի մետաղական սյուները տեղադրված են թեք, բազում խախտումներով և նախագծային շեղումներով։ Առկա են նաև իրենց ճիշտ դիրքում չգտնվող և մի քանի կտորից բաղկացած սյուներ։ Կքանդվեն այն բոլոր կոնստրուկցիաները, որոնք կարող են վտանգ առաջացնել շինարարության հետագա ընթացքի ու շենքի շահագործման համար։ Բնական է, որ շինարարական ժամկետների ու անորակ աշխատանքի համար «Գրիգորյանշին» ընկերությունը կենթարկվի օրենքով սահմանված տուգանքների, իսկ շինարարության ավարտի ժամկետները կերկարացվեն մինչեւ եկող տարվա երկրորդ եռամսյակ։ Շինարարության հետագա ընթացքը կգտնվի մեր մշտական հսկողության ներքո, որպեսզի նախկին անհուսալի վիճակը չկրկնվի»,-ներկայացրեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գևորգ Խրիմյանը։

«Մեր կողմից շինարարական կազմակերպությունը անորակ աշխատանքների համար, սկսած 2021 թվականից, քանիցս զգուշացվել է Գեղարքունիքի մարզպետի ու մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկումների ժամանակ, ու հստակ ասել ենք, որ ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու։ Ավելին, իրավիճակը շտկելու նպատակով գրավոր դիմումներ ենք հղել ՀՀ Քաղաքաշինության կոմիտե։ Սակայն, ցավոք, հիմա գործ ունենք ոչ թե շինարարության ավարտի, այլ ընդամենը մասնակի քանդման իրողության հետ։ Հուսանք, որ այս քայլը կփոխի ընդհանուր իրավիճակը, կսթափեցնի կապալառու կազմակերպությանը, և մենք կկարողանանք հասնել մեր ցանկալի արդյունքին»,-տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մասնակի քանդման առաջին աշխատանքները Շատջրեքի միջնակարգ դպրոցի շենքի շինարարությունում սկսվեցին 2024 թվականի մայիսի 21-ից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում