Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-20/24. Շանթ, Ֆրենչ, Քանեման, «Մանկական գանձարան»

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-20/24. Շանթ, Ֆրենչ, Քանեման, «Մանկական գանձարան»

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը, որն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Լևոն Շանթ, «Հին աստվածներ: Կայսր»

441878647_1509568836297230_2856414800072476043_n.jpg (374 KB)

Լևոն Շանթի «Հին աստվածներ» և «Կայսր» դրամաները հայ գրականության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են և աննախադեպ են որպես գեղարվեստական արժեք: Այս դրամաներում կարծես սահմանագիծ չկա ներկայի ու պատմության միջև:

Եվ եթե «Հին աստվածները» (1909) պատմականության հենքով արծարծում է արդիական գաղափարներ՝ պայմանականության վերածելով հենց այդ պատմականությունը, ապա «Կայսրը» (1914) բյուզանդական դարերի ճիշտ ու հավաստի դեպքերի նկարագրությամբ ու գործող անձանցով բացահայտում է ընդհանրապես մարդու հոգեբանությունը, բարքերն ու ձգտումները՝ շատ առումներով պատմական իրականությունն արժմեացնելով:

«Հին աստվածները» հայ գրականության ամենաշատ բեմադրված գործերից է: Բազմիցս բեմադրվել է նաև «Կայսրը»: Մատենաշարի խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Թանա Ֆրենչ, «Որոնողը»

438137450_439482852113077_628678372905408180_n.jpg (140 KB)

Իռլանդացի արձակագիր և թատրոնի դերասանուհի Թանա Ֆրենչի «Որոնողը» գիրքը համարվում է իր լավագույն գործը։

Այս դետեկտիվի գլխավոր հերոսը Չիկագոյից տեղափոխվում է Իռլանդիայի գյուղերից մեկը՝ երազելով խաղաղ միջավայրի և անկեղծ զրույցների մասին։ Սակայն նրա երազանքները վերածվում են սովորական ոստիկանի աշխատանքի, և նա սկսում է բացահայտել արկածներով լի մի պատմություն։ Գիրքը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։

Մանկապատանեկան գրականություն

«Մանկական գանձարան»

441526620_3260754970900014_3085735698458835647_n.jpg (103 KB)

«Մանկական գանձարան»-ն ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչև ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները:

Ժողովածուն ընթերցանության օժանդակ ձեռնարկ է ոչ միայն մանուկների, պատանիների, այլև մանկապարտեզի դաստիարակների, մանկավարժների, ուսումնական հաստատություններում մանկական գրականություն դասավանդողների, նաև ծնողների, ընթերցողների ամենալայն շրջանակների համար:

Հեղինակները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ հիմք ընդունելով ծննդյան տարեթվերը: Կազմող՝ Սուրեն Մուրադյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Դանիել Քանեման, «Մտածողություն. արագն ու դանդաղը»

441454910_285208971336707_298955520174779621_n.jpg (153 KB)

Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։

Գիրքն արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը, ովքեր ցանկանում են ավելի որակյալ որոշումներ կայացնել՝ ճանաչելով սեփական մտածողության ծուղակները։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում