Հասարակական

ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում Kotler Impact-ի ներկայացուցիչ AWE Consulting-ի միջև ստորագրվեց հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում Kotler Impact-ի ներկայացուցիչ AWE Consulting-ի միջև ստորագրվեց հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհանիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանը:

Հուշագրի նպատակն է կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ և իրականացնել համատեղ մի շարք ծրագրեր: Համագործակցության արդյունքում կհրատարակվի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, կարևորելով նման համագործակցությունը, նշեց, որ այն կօգնի ուսանողների համար տարբեր մարքեթինգային միջոցառումներին մասնակցելու հնարավորություններ ստեղծել:

«Նախատեսվում է հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության հիման վրա դասագիրք մշակել, որի ստեղծմանը կմասնակցի ֆակուլտետի անձնակազմը: Այնուհետ հնարավորություն ենք տալու ուսանողներին սովորել այդ ուսումնական ձեռնարկով, քանի որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների ընթացքում ֆակուլտետում ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը առանձնանում է հենց դրանով, քանի որ շատ կարոր է, որպեսզի մեր ուսանողները ծանոթանան նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին»,-ասաց Խաչատրյանը:

ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանի խոսքով՝ այն հաջողության պատմությունները, որոնք կտպագրվեն ձեռնարկում, կվերամշակվեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և կունենան ակադեմիական բովանդակություն:

«Գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Սկզբում կտպագրվի անգլերեն տարբերակը՝ մոտ 10 հազար օրինակով: Այն վաճառվելու է ամբողջ աշխարհում, այնուհետև թարգմանվելու է հայերեն, որից հետո հույս ունենք, որ կկարողանանք գիրքը ներառել հայկական բոլոր բուհերի կրթական ծրագրերում»,- նշեց Մերի Գրիգորյանը:

Համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները կստանան նաև «Մարքեթինգի համաշխարհային գիտաժողով»-ի մասնակցության տոմսեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում