Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման մեկնարկին հանրապետության նախագահն, ի դեմս կուսակցության ղեկավարության, շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից հետո կուսակցությունը մշտապես ունեցել է պետականակենտրոն դիրքորոշում և հնարավորինս նպաստել ու աջակցել է մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը:

Ավանդական կուսակցության ղեկավարությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ քաղաքական կազմակերպությունն իր ողջ հնարավորությունները պատրաստակամորեն ներդրել է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ շրջանային վարչության ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանում վերջին տարիներին իրականացված տնտեսական, ժողովրդավարական, կրթական և այլ բարեփոխումների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեկնարկած սահմանազատման գործընթացը լիովին գտնվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշման տրամաբանության շրջանակներում:

Հանդիպմանը նախագահը նաև պատասխանել է երկրի տնտեսության հիմնական ուղղությունների, պաշտպանունակության բարձրացմանն ուղղված քայլերի և միջոցառումների, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ հանդիպման մասնակիցների կողմից հնչեցված հարցերին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում