Հասարակական

Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում  հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում հաստատված 40 կանայք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կողմից իրականացված ծրագրի շրջանակներում վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանից, ծրագիրն ուղղված է կանանց տնտեսական անկախությանն ու հզորացմանը:

«Մենք երկու ծրագրով ենք աշխատում: Մի ծրագիրը Յունիսեֆ-ն է ֆինանսավորում՝ Գյումրու երիտասարդական ակումբների հետ, և մյուս ծրագիրը Կանանց ռեսուրսների կենտրոնը՝ շվեդական կազմակերպության հետ: Յուրաքանչյուր ծրագրով 20 կին է վերապատրաստվել: Այսօր 31-ն արդեն ստացան իրենց նվերները, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր մասնագիտությանը: Դրանք ջեռոցներ են, հարիչներ, կարի մեքենաներ և կարի պարագաներ, գեղեցկության տարբեր ծառայությունների համար անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր: Սրանք բավարար են, որ կանայք, թեկուզ տանը, կարողանան մատուցել բարձրորակ ծառայություններ»:

Իրենց տպավորություններով կիսվել են նաև ծրագրի շահառուները։

«Մասնակցել եմ վարսահարդարման դասընթացների: Շատ մեծ նշանակություն ունի, որ կինը ինքնուրույն իր գումարը կվաստակի, կաշխատի, որպեսզի հզորացնի ինքն իր ընտանիքը»,-նշել է ծրագրի շահառու Գոհար Գևորգյանը:

«Ես Տարրական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի եմ: Սովորում եմ առաջին կուրսում: Մասնակցել եմ կարուձևի դասընթացին: Ստացա նոր գիտելիքներ: Արդեն ինքս ինձ համարում եմ կայացած մասնագետ այդ ոլորտում: Կարևոր է՝ ունենալ և՛ արհեստ, և՛ մասնագիտություն՝ ֆինանսապես կայուն կյանք ապահովելու համար»,-նշել է ծրագրի շահառու Էլինա Ստեփանյանը:

Կանանց տնտեսական հզորացման ծրագիրը կշարունակվի մինչև մայիսի վերջ: Դասընթացների ավարտին մասնակից մյուս ինը կանայք ևս կստանան առաջնային անհրաժեշտության նյութեր և սարքավորումներ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում