Չինաստանի Սինծիան շրջանը՝ Գոտի և ճանապարհ նախաձեռնության յուրօրինակ հանգույց

6 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանը, որը երկրի ադմինիստրատիվ ամենամեծ շրջանն է, վերջին տարիներին տնտեսապես արագ զարգանում է, քանի որ այն համարվում է կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա, ինչպես նաև կարևոր հանգույց Գոտի և ճանապարհ համագործակցության մեջ:

Բազմէթնիկ այս տարածաշրջանը սահմաններ ունի ութ երկրի՝ Աֆղանստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Հնդկաստանի հետ։

2023 թվականին տարածաշրջանի ՀՆԱ-ն կազմել է 1,91 տրիլիոն յուան, իսկ գյուղատնտեսության, անտառային տնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության արտադրանքը հասել է 564,8 միլիարդ յուանի: Սինծիանն ավանդաբար հանդիսացել է գյուղատնտեսական շրջան, սակայն այն հարուստ է նաև օգտակար հանածոներով ու նավթով։ Տարածաշրջանում բամբակի արդյունաբերությունը ամենախոշոր ուղղություններից է։

Տարածաշրջանի արագ աճի պատճառը Սինծիան արտադրական և շինարարական կորպուսն (XPCC) է։ Շրջանի կառավարումն իրականացվում է կորպուսի և Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի ադմինիստրացիայի կողմից զուգահեռ։

Սինծիան արտադրական և շինարարական կորպուսը եզակի և բարդ պատմություն ունի․ այն ստեղծվել է 1954 թվականին՝ սահմանամերձ շրջանները գլխավորապես գյուղատնտեսության և արդյունաբերության միջոցով պաշտպանելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ զինվորները «հանեցին իրենց համազգեստը» և սկսեցին զբաղվել հողագործությամբ։ Կորպուսի աշխատանքը կազմակերպված է ռազմական ոճով՝ կառույցում ունենալով ստորաբաժանումներ և գնդեր, սակայն այն իրականում ռազմական կազմակերպություն չէ, իսկ անվանումները, ինչպես բացատրեցին պաշտոնյաները, պահպանվել են միայն իբրև հարգանքի տուրք դրա պատմությանը։ Կորպուսի կենտրոնակայանը գտնվում է Ուրումչիում՝ Սինծիանի մայրաքաղաքում, այն նաև գործում է բազմաթիվ այլ քաղաքներում, ինչպիսիք են Արալը և Շիհեցզին։

Այն տարածաշրջանային և նախարարական մակարդակի հատուկ շրջան է և համարվում է նահանգի անբաժան մասը։

«Սինծիան արտադրական և շինարարական կորպուսը Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի կարևոր մասն է։ Ներկայում կորպուսը բաղկացած է 14 ստորաբաժանումից, 12 քաղաքից, 179 ֆերմերային տնտեսությունից, 3 համալսարանից և 14 առևտրային ընկերությունից»,- լրագրողներին ասաց կորպուսի արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ջյանգ Չինշանը։

2023 թվականին Կորպուսի մասնաբաժինը տարածաշրջանի ընդհանուր ՀՆԱ-ում կազմել է 369 միլիարդ յուան:

«Կորպուսն անընդհատ մեծացնում է աշխարհի առաջ իր թափանցիկության աստիճանը և ակտիվորեն մասնակցում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հիմնական հատվածի կառուցմանը», - նշեց Ջյանգ Չինշանը:

Սինծիան արտադրական և շինարարական կորպուսն անգամ մշակել է գյուղատնտեսության համար ջրի խնայողությամբ ոռոգման սեփական համակարգը, որը խնայում է 1800 խմ ջուր մեկ հեկտարի համար:

2022 թվականին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ուրումչիի միջազգային ցամաքային նավահանգիստ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «Գոտի և ճանապարհ համագործակցության զարգացման հետ մեկտեղ Սինծիանն այլևս դադարում է լինել հեռավոր անկյուն, այն վերածվում է առանցքային շրջանի և հանգույցի»։

Տարածաշրջանում ակտիվորեն զարգանում է նաև առողջապահությունը։ Բժիշկներն օգտագործում են 5G-ով գործող ռոբոտային վիրաբուժության տեխնոլոգիաները և հեռահար ախտորոշման մեթոդները Sir Run Run Shaw բժշկական կենտրոնի հետ կապ ունեցող Արալի հիվանդանոցում՝ արտակարգ պատահարների ժամանակ բուժելու հեռավոր շրջանների հիվանդներին։

Իսկ Շիհեցզիի համալսարանը վկայությունն է կրթության հանդեպ կորպուսի հատկացրած ուշադրության։ Հանրային համալսարանն առաջարկում է մասնագիտությունների մեծ բազմազանություն, այդ թվում և գյուղատնտեսություն, բժշկություն, ինժեներիա, էկոնոմիկա և առևտուր, գրականություն և արվեստ։

Համալսարանը նաև ակտիվորեն համագործակցում է արտերկրյա գործընկերների հետ, շատ ակադեմիկոսներ և ուսանողներ այնտեղ այցելում են փոխանակման ծրագրերի ու վերապատրաստումների շրջանակում։

Նահանգի կարևոր արդյունաբերական ուղղություններից է նաև խաղողագործությունը։

Չինաստանի ամենախոշոր գինեգործական ընկերությանը՝ Չանյուին է պատկանում Շիհեցզի քաղաքում գտնվող գինեգործարանը, որն ընկերության առաջին գինեգործ, բելգիացի պրն․ Բալբոայի անունով կոչվում է Chateau Changyu Baron Balboa։

Գինու գործարանն ունի նաև տարածաշրջանի ամենամեծ գինու մառանը։

Տարածաշրջանի մեկ այլ գրավիչ զբոսաշրջային ուղղություն է Տակլա Մական անապատը, որի այցելուները կարող են ադրենալինի նոր չափաբաժին ստանալ ամենագնացներ վարելով կամ ուղտ նստելով։

Ի դեպ, Տակլա Մական անապատն աշխարհի ամենամեծ ավազային անապատներից է։

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։

Հայերեն English Русский 中文

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին