Տնտեսություն

Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա:

Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական անձի հաշվեհամարներին նոր համակարգի միջոցով արդեն իսկ փոխանցվել է ավելի քան 647,5 մլն դրամ վերադարձման ենթակա սոցիալական վճարի գումար։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մի քանի աղբյուրիցհաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։ Ի դեպ, երբ շահառուն ցանկանում է, որ գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ հաշվեհամարը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնականwww.e-request.amհարթակի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում