Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ մասնակցելու համար Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար. հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն:

«Մենք երախտագիտությամբ ենք հիշում Սիրիայի ժողովրդի գրկաբաց և ջերմ վերաբերմունքը, 20-րդ դարասկզբին Ցեղասպանությունից փրկված հայերին սիրիացի ժողովրդի կողմից ապաստանելը և հոգատար մոտեցումը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Հայ-սիրիական ջերմ և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում ընդգծվել է սիրիահայ համայնքի կարևոր դերակատարումը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին: Նա բարձրաձայնել է նաև Բաքվում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձանց խնդիրը:

Խոսելով դրական զարգացումների մասին՝ նշվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված նորմերի վրա: Հակոբ Արշակյանը վերահաստատել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն այլընտրանք չկա, և Հայաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության դիրքերից:

Նշվում է, որ այս համատեքստում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչը ևս երկրների զարգացման և տարածաշրջանային խաղաղության հաստատման գրավական է:

ԱԺ փոխնախագահը կարևորել է Սիրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով Սիրիայի տարածքային ամբողջականության և բոլոր կոնֆլիկտները ներքին ուժերով հաղթահարելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ սիրիական կողմն աջակցում է Հայաստանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և համոզմունք հայտնել, որ խաղաղության ջատագով բոլոր ազգերը կլինեն հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ալ-Աջլանին աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ նշելով, որ պետք է վերադարձվեն բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին՝ միջազգային իրավունքի ուժով: Որպես հարաբերությունների կարգավորման հաղթահարման ուղենիշ՝ փոխնախագահը նշել է թշնամանքի լեզվով խոսելու բացառումը:

Կողմերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում ընդգծել են միջխորհրդարանական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը:

Այս համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել Սիրիայի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ, որի դրսևորումներից է Ժողովրդական ժողովում հայազգի պատգամավորների ներկայությունը:

Անդրադարձ է եղել երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին, հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերին:

Հայերեն العربية English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը