Քաղաքականություն

Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրում է. «Գեղարդ» հիմնադրամ

3 րոպեի ընթերցում

Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրում է. «Գեղարդ» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման հերթական փորձն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին` որպես 2024 թ. Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելը Շուշիի` հայկական ինքնության կեղծման և Բաքվի կրոնական երկերեսանի քաղաքականության հերթական դրսևորումն է:

Ադրբեջանցիները հայտարարել են, թե իրենց հիմնական նպատակներից է միավորել աշխարհի երիտասարդությանը և հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդներին ծանոթանալ Շուշիի պատմությանն ու մշակույթին:

Նմանատիպ միջոցառումների միջոցով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախի զավթումն ու արցախահայության էթնիկ զտումները։ Շուշիում հայկական քրիստոնեական հետքը ոչնչացնելով` Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել Շուշին` որպես ադրբեջանական քաղաք: Զավեշտալի է, որ Ադրբեջանը Շուշին հռչակել է Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք այն պարագայում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով բռնաճնշումների են ենթարկվում ադրբեջանցի մուսուլմանները։

Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ միշտ ոտնահարվել են մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այդ երկրում բանտարկված են հարյուրավոր հավատացյալներ:

Իսլամական երկիր համարվող Ադրբեջանում հաճախակի են փակվել մզկիթներ կամ, առհասարակ, մատնվել անուշադրության: Արգելված է բարձրախոսով ազան հնչեցնելը, կրոնական բովանդակությամբ պաստառներ փակցնելը, դպրոցներում հիջաբ կրելը: Սահմանափակված է նաև հոգևորականների` կրթություն ստանալու իրավունքը: Բացի այդ` Իսլամական համագործակցության կառույցի անդամ Ադրբեջանը Գազայի դեմ ռազմական գործողություններում բացահայտ աջակցում է Իսրայելին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիմնադրամի հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և Շուշին ադրբեջանականացնելու հերթական փորձն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում