Խոշոր սարքավորումներ առաջարկող ավելի քան 100 բրենդներ և ֆինանսական կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2024 ցուցահանդեսը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «LEASING EXPO 2024/ «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» աննախադեպ ցուցահանդեսն արդեն երկրորդ տարին է մեկ հարկի տակ է համախմբել տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների:
Միջոցառումը կազմակերպել է Big Projects ընկերությունը:
«Արմենպրես»-ի հետ Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ իրենց թիմը ջանք չի խնայել որպեսզի ընկերության հոբելյանական 10-րդ ցուցահանդեսը լինի միջազգային չափանիշներին համապատասխան:
«Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ»,- նշեց նա:
Մեկ հարթակում ներկայացված են գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, Արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ:
LEASING EXPO 2024-ին լիզինգի նոր ու լայն հնարավորություններ է առաջարկում Armenian Leasing ընկերությունը:
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը ընդգծեց, որ այս տարի իրենց գործող ծառայություններին ավելացրել են մի շարք նոր առաջարկներ, որոնք մշակված են միջազգային կառույցների հետ համատեղ և պետական սուբսիդավորման ծրագրերի օգնությամբ:
Շուրջ 4 տարի գյուղմթերքի վերամշակման ոլորտում սարքավորումների լայն տեսականի է առաջարկում Steelstandard ընկերությունը:
Արփի Սոլար ընկերության կորպորատիվ վաճառքի թիմի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը, ընդգծելով նման մեծամասշտաբ նախագծերի կարևորությունը, նշեց, որ այստեղ հանրությանն առաջարկում են արևային համակարգերի լայն տեսականի հատուկ առաջարկներով:
Պահեստային ապրանքների լայն տեսականի ունեցող «Պահեստ N1» ընկերությունը ևս հանդես է գալիս ճկուն գնային առաջարկներով։
Արդյունաբերական անվտանգության համակարգերի լայն տեսականի է առաջարկում SAFETY MINING ընկերությունը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են ՝ EcoVille և JCB (Ջեյ,սի, բի) ընկերությունները:
Հիշեցնենք , որ «LEASING EXPO 2024»-ն այս տարի անցկացվելու է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 12-14-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է և հանրության համար այն բաց է 11:00-20:00-ն: