Տնտեսություն

Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է․ Երևանում կայացավ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համաժողով

10 րոպեի ընթերցում

Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է․ Երևանում կայացավ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համաժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայացավ հայ-ղազախական գործարար համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանն ու լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը բացման խոսքում նշեց, որ տվյալ համաժողովը կարևոր հարթակ է՝ դիտարկելու գործարար շրջանակների ու միջպետական տնտեսական հարաբերությունների հիմնական ու հեռանկարային բաղադրիչները։

OLD05417.JPG (598 KB)

«Այսօրվա բիզնեսֆորումը բացառիկ է այն առումով, որ տեղի է ունենում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայաստանյան այցի նախաշեմին։ Այս միջոցառումից երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ նաև Ղազախստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան։ Նման միջոցառումներն իրենց ծավալով իսկապես աննախադեպ են մեր երկրների պատմության մեջ, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրությունների ու փոխշահավետ կապերի զարգացման մասին։ Հատկանշական է, որ գիտաժողովին մասնակցում են ինչպես պետական այրեր, գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ բիզնես աշխարհի պատվիրակներ, որոնք շահագրգռված են երկկողմ հարաբերությունների խորացմամբ։ Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունն ու նրա կողմից գաղափարների արտահայտումն անգնահատելի է նախևառաջ փորձի փոխանակման տեսանկյունից, քանի որ միայն բաց և կառուցողական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխգործակցության նոր ուղիներ ու բնագավառներ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ նոր, ավելի ծավալուն ներդրումների համար»,- ասաց Իվանովը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում նշեց, որ օրվա միջոցառումը հրաշալի հնարավորություն է՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերն ընդլայնելու, ավելի խորացնելու, ինչպես նաև փոխշահավետ նոր հարաբերություններ հաստատելու համար։

«Այս համաժողովին մասնակցում են տնտեսության տարբեր բնագավառների ավելի քան 150 ներկայացուցիչներ։ Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում առանձնակի դեր ունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ապրիլի 2-ին երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Սերիկ Ժումանգարինի համատեղ նախագահությամբ կայացավ տնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ զարգացնելու առևտրատնտեսական կապերը, երկուստեք խթանելու ներդրումները, ապահովելու դրանց անվտանգությունը, ամրապնդելու ենթակառուցվածքային կապերը։ Այդ ամենն ապացուցում է մեր երկրների միջև հետագա փոխգործակցության զարգացման գործում երկու կողմերի շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը»,- ասաց Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշները, որոնց համաձայն՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 միլիոն դոլար՝ աճելով 2,4 անգամ նախորդ տարվա համեմատ։

OLD05418.JPG (522 KB)

«Երկկողմ փոխգործակցության ակտիվացումը թույլ կտա զգալիորեն բարելավել նշված ցուցանիշները։ Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական զգալի աճ, որը պահպանվում է նաև ընթացիկ տարում։ 2024 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում կազմել է 13,6 տոկոս։ Մեր երկրի տնտեսության զարգացման դինամիկ աճը պայմանավորված է նաև կառավարության ջանքերով։ Այդ համատեքստում առանձնակի կարևորություն է ներկայացնում կառավարության ծրագիրը, որն ուղղված է երկրի տնտեսության արդիականացմանը, որի շրջանակում պետությունը սուբսիդավորման միջոցով և լիզինգային մատչելի տոկոսադրույքներով ընկերություններին տալիս է սեփական հզորություններն արդիականացնելու հնարավորություն, որպեսզի նրանց արտադրողականության աճը և թողարկվող ապրանքները դառնան ավելի մրցունակ։ Ծրագրի իրականացման ընթացքում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր հզորությունների գործարկման արդյունքում 1846 ընկերություններ ձեռք են բերել սարքավորումներ 228 միլիարդ դրամի չափով, ինչը վկայում է ծրագրի բարձր արդյունավետության մասին»,- ասաց նախարարը։

Պապոյանի դիտարկմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման գործում առանցքային դեր ունի նաև գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, քանի որ կառավարությունը նպատակադրվել է երկրում ստեղծել թափանցիկ մթնոլորտ, հավասար մրցակցային պայմաններ, զարգացնել շուկայական ենթակառուցվածքները, ինչը կնպաստի գործարարության զարգացմանը Հայաստանում։ Նախարարի համոզմամբ՝ համաժողովում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները նոր խթան կհանդիսանան բոլոր ուղղություններով երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման համար։

Ղազախստանի առևտրի և ներդրումների նախարար Արման Շակկալիևն իր հերթին նշեց, որ միջպետական մակարդակում իրականացվում են մի շարք միջոցառումներ, որպեսզի երկու երկրների միջև առկա հարաբերություններն ավելի զարգանան ու խորանան։ Նրա պնդմամբ՝ Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է, ընդ որում համագործակցությունն անցել է ժամանակի քննություն, քանի որ ընթացիկ տարում լրանում է բարեկամության պայմանագրի կնքման 25-ամյակը։

«Մենք հավաստում ենք երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր հանձնառությունը և բոլոր մակարդակներում երկկողմ շփումները խորացնելու պատրաստակամությունը։ Գործարար շրջանակներն ակտիվորեն աշխատում են և համագործակցում, իսկ կառավարություններին մնում է աջակցել նրանց ու նպաստել այդ գործընթացին՝ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր հետագա զարգացման համար։ Մեկ շաբաթ առաջ կայացած միջկառավարական նիստում մենք ստեղծեցինք ճանապարհային քարտեզ, որը մանրամասնորեն ներառում է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ավելի դյուրին կդարձնեն փոխգործակցությունը։ Մենք գտնվում ենք նույն կառույցում՝ ԵԱՏՄ-ում, որտեղ ազատ տնտեսական ռեժիմով հարաբերություններ զարգացնելու համար կան բոլոր իրավական հիմքերը, հիմա անհրաժեշտ է ցույց տալ կոնկրետ արդյունքներ»,- ասաց Շակկալիևը։

OLD05360.JPG (551 KB)

Ղազախ նախարարը նույնպես հավաստիացրեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է։ Ըստ նրա՝ հատկապես կա սննդի ու թեթև արդյունաբերական ապրանքների մեծ պահանջարկ։ Առավել մեծ տեմպերով զարգանում է մեքենաշինությունը, և ղազախական կողմը պատրաստ է ընդլայնել իր ավտոպարկն ու փորձով և գիտելիքներով աջակցել հայ գործընկերներին։

«Արտահանվող պոտենցիալ ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել, իսկ ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 350 միլիոն դոլարի։ Առևտրական կապերին զուգահեռ՝ իրացվում են նաև ներդրումային ծրագրեր։ Հայաստանից Ղազախստան ուղիղ ներդրումները կազմել են 18,6 միլիոն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 56 միլիոն դոլար։ Սա դեռ վերջնական սահմանը չէ, ուստի դրանք մեծացնելու նախապայմաններն առկա են։ Այսօր Ղազախստանում աշխատում են ավելի քան 380 ընկերություններ հայկական կապիտալով, գործում են 72 հայ-ղազախական համատեղ ձեռնարկություններ տնտեսության տարբեր ոլորտներում։ Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնը՝ որպես ռեգիոնալ հաբ, ունի էական դերակատարում, և որտեղ կա նաև արբիտրաժ։ Ներդրումների աճ է նկատվում նաև շինարարության ոլորտում, և ղազախական ընկերությունները նույնպես շահագրգռված են հետաքրքիր ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Հայ գործընկերները կարող են ծանոթանալ ղազախական ներուժին նաև վերամշակող արդյունաբերության մեջ»,- ասաց նախարարը։

Շակկալիևն ընդգծեց, որ հատկապես Ղազախստանի արևմտյան շրջաններում օգտագործելով թվայնացումը, տնտեսական ներուժն ու լոգիստիկ հնարավորությունները՝ հայ գործարարները կարող են զարգացնել իրենց արտադրությունն ու իրականացնել մուտիմոդալ առաքումներ՝ ներառելով նաև Իրանի ու Չինաստանի տարածքները։ Շակկալիևը վկայակոչեց իր ղազախ գործընկերոջ՝ ԱԳ նախարարի խոսքը, որի համաձայն՝ Հայաստանը Ղազախստանի մերձավոր գործընկերն է, որի հետ հարաբերությունները հաջողությամբ անցել են ժամանակի քննությունը, հետևաբար պետք է շարունակաբար կյանքի կոչել փոխգործակցության հեռանկարային նախադրյալները։

Համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների միջև տեղի ունեցան B2B ձևաչափով հանդիպումներ, քննարկվեցին առևտրատնտեսական կապերին, լոգիստիկ և զբոսաշրջային ոլորտներին առնչվող հարցեր, ստորագրվեցին մի շարք պայմանագրեր։ Մասնավորապես, կնքվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Ղազախստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև։ Եվս վեց պայմանագրեր կնքվեցին հայկական ու ղազախական մասնավոր ընկերությունների միջև։

Մանվել Մարգարյան

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում