Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»,-ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը կպատասխանի կրակոցներին:
Պատգամավորն այս լարվածությունը պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով: «Գործողություններ են, որոնք որևէ իմաստ չունեն: Ոչ մի հարց չի լուծում: Ընդամենը կրակոցներ են: Դիտորդների գործողությունների շնորհիվ պետք է արգելել այդ կրակոցները: Եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,-հավելեց նա:
Պատգամավորն ադրբեջանական կրակոցները չի կապում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին կայացած հանդիպման հետ:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն էսկալացիայի է տանում, որ ռազմական գործողություններ լինեն՝ Քոչարյանն ասաց, որ չի տեսնում: «Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»,-նշեց նա:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օերին սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը: