Քաղաքականություն

Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումն առավելապես վերաբերելու է հումանիտար և տնտեսական հարցերին․ Կոստանյան

2 րոպեի ընթերցում

Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումն առավելապես վերաբերելու է հումանիտար և տնտեսական հարցերին․ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը մեծապես ուղղված է լինելու Հայաստանի տնտեսական հնարավորությունների, կարողությունների բարձրացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բավականին բաց է։ Կարող եմ ասել, որ քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Հանդիպումը մեծապես ուղղված է մեր տնտեսական հնարավորությունների, մեր կարողությունների բարձրացմանը։ Չեմ կարծում, որ պետք է աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն դարձնենք այդ միջոցառումը։ Իհարկե, այն շատ կարևոր է մեզ համար, բայց նաև պետք է փորձենք ճիշտ կառավարել առկա ակնկալիքները։ Կարծում եմ, որ վաղը շատ սոլիդ միջոցառում կունենանք և կլինեն արդյունքներ, որոնց մասին կտեղեկացվեք։ Առավելապես տնտեսական և հումանիտար հարցերին է վերաբերելու միջոցառումը»,- նշեց նա։

Վահան Կոստանյանը նկատեց, որ նման ձևաչափով համագործակցությանը դեմ արտահայտվող պետությունները հաճախ փորձում են վաղվա հանդիպման վերաբերյալ ավելի մեծ ակնկալիքներ ստեղծել մեդիադաշտում, որպեսզի հետագայում որոշակի հիասթափություն առաջացնեն հասարակությունում։

Փոխարտգործնախարարն արձանագրեց, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ուստի այլ երկրներից հնչող որոշ մեկնաբանություններ բացարձակապես անընդունելի են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում