Քաղաքականություն

Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Հայաստանին աջակցելու հարցում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերի համատեղումն է․ Օլիվիե Դըկոտինյի

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Հայաստանին աջակցելու հարցում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերի համատեղումն է․ Օլիվիե Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Այս հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու Միացյալ Նահանգների ջանքերը համատեղելը, ինչպես նաև հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հոսքին, և որ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռևս զգալի են երկրի համար»,- ասել է դեսպանը։

Հարցին, թե ի՞նչ օգնության մասին է լինելու խոսքը, դեսպանը պատասխանել է․ «Հանդիպումը կազմակերպում են Միացյալ Նահանգները և Եվրոպական հանձնաժողովը, որին ԵՄ անդամ պետությունները, ինչպես Ֆրանսիան, ուղղակիորեն չեն մասնակցում։ Կարծում եմ, որ հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր։ Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ Հայաստանի համար։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այց կատարեց Փարիզ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ արդյունքների, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- նշել է Դըկոտինյին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում