ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտման նախերգանքն էին, այդ ողբերգությունը հնարավոր կլիներ կանխել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում ունեցած իր ելույթում:
«Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն:
Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Եթե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել»,- նկատել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա ընդգծել է, որ այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է. մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:
«Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր Կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները: Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝ օգնելու վերոնշյալ մարդկանց՝ վերակառուցելու իրենց կյանքը: Հայաստանը լիահույս է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որ մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով:
«Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները:
Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին:
Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:
Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին: Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ: Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն:
Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար: ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում:
Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին»,- հավելել էԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն ՀՀ-ի համար: Այս առումով Հայաստանը կարեւորում է խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ՝ աջակցություն է փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից:
Ելույթի ավարտին Հայաստանի ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձեւի համար: Նա ընդգծել է, որ դա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները: