Տնտեսություն

Նոր կարգավորումներով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է կատարվեն առավելագույնը 30 օրացուցային օրում

2 րոպեի ընթերցում

Նոր կարգավորումներով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է կատարվեն առավելագույնը 30 օրացուցային օրում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունների և այլ շահագրգիռ անձանց հետ՝ ներկայացնելու համար նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, նոր կարգավորումներով էական փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական արտադրանքի իրացման և ձեռքբերման հարաբերություններում: Մասնավորապես, սահմանվել է լիովին նոր ինստիտուտ՝ գյուղատնտեսության արտադրանքի իրացման բանակցային ուժեղ դիրք, և հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են դրա չափորոշիչները: Այսպես՝

  • եթե գյուղատնտեսական արտադրանք իրացնողը ֆիզիկական անձ է, ապա ձեռք բերողը կարող է ունենալ բանակցային ուժեղ դիրք նախորդ տարվա հասույթը 25 մլն դրամը գերազանցելու դեպքում:
  • Այն դեպքում, երբ իրացնողը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, սահմանվել են իրացնողի և ձեռք բերողի հասույթների հարաբերակցության շեմեր՝ սկսած 25 մլն դրամից: Միաժամանակ, ձեռք բերող կազմակերպության հասույթը պետք է 10 անգամ գերազանցի իրացնողի հասույթի չափը:
  • Տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում: Ընդ որում, նշված դեպքերով Հանձնաժողովը կարող է տուգանք կիրառել՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսի չափով:

Ըստ աղբյուրի՝ օրենսդրական կարգավորումները ուժի մեջ կմտնեն մայիսի 6-ից:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են իրականացված օրենսդրական փոփոխությունների մանրամասները և պատասխանել մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում