ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։
«Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», - ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։
Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների՝ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։