Չինաստանի օրենսդիր մարմինը սկսեց աշխատանքները․ 2024 թվականին ակնկալվում է շուրջ 5 տոկոս տնտեսական աճ

3 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը ծրագրում է 2024 թվականին գրանցել շուրջ 5 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին մարտի 5-ին ազգային օրենսդիր մարմնում՝ Ժողովուրդների մեծ պալատում կայացած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (NPC) նստաշրջանի բացմանը օրենսդիրներին հայտնեց Չինաստանի վարչապետ Լի Ցյանը՝ ներկայացնելով կառավարության զեկույցը։ Ինչպես Պեկինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բացման արարողությանը ներկա էին Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Covid-19-ի դեմ պայքարում խոշոր և վճռորոշ հաղթանակից հետո մենք ապահովեցինք սահուն անցում համաճարակին արձագանքելու գործում։ 2023 թվականին տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական նպատակներն ու խնդիրները իրականացվեցին, և մենք կայուն առաջընթաց գրանցեցինք բարձրորակ զարգացման գործում, պահպանեցինք ընդհանուր սոցիալական կայունությունը և բոլոր առումներով ամուր առաջընթաց գրանցեցինք ժամանակակից սոցիալիստական երկիր կառուցելու գործում», - զեկույցը ներկայացնելիս ասաց Լի Ցյանը:

Օրենսդիրներին ներկայացված զեկույցի համաձայն, Չինաստանի կառավարությունը 2024 թվականին նպատակադրված է մոտ 5% տնտեսական աճ գրանցել: Քաղաքային բնակավայրերում նախատեսվում է ստեղծել ավելի քան 12 միլիոն աշխատատեղ:

Դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը սահմանվել է 3 տոկոս։

Այս տարի Չինաստանը 3,9 տրիլիոն յուան արժողությամբ հատուկ պարտատոմսեր կթողարկի իշխանության տեղական մարմինների համար, ինչն անցյալ տարվա համեմատ 100 միլիարդ յուանով ավելի է:

Պաշտպանական ծախսերը կավելանան 7,2 տոկոսով՝ հասնելով 1.5537 տրիլիոն յուանի (շուրջ 224.79 մլրդ ԱՄՆ դոլար)։

«Մենք հավատարիմ կմնանք խաղաղության և խաղաղ զարգացման անկախ արտաքին քաղաքականությանը: Մենք ամուր կերպով շարունակելու ենք խթանել բաց լինելու ռազմավարությունը՝ հանուն փոխադարձ շահի։ Մենք կոչ ենք անում հավասար և բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև ունիվերսալ շահավետ և ներառական տնտեսական գլոբալիզացիայի, և մենք հանձնառու ենք խթանելու նոր տեսակի միջազգային հարաբերություններ: Մենք հաստատակամորեն դեմ ենք հանդես գալու բոլոր հեգեմոն, տիրող և սպառնալիքներով լեցուն գործողություններին և պաշտպանելու ենք միջազգային արդարությունն ու արդարադատությունը»,- ասաց Չինաստանի վարչապետը։

Մարտի 5-ին մեկնարկած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանը կշարունակվի մեկ շաբաթ։ Մինչ այդ՝ մարտի 4-ին տեղի էր ունեցել խորհրդատվական մարմնի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նստաշրջանը։

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։

Հայերեն English Русский 简体中文

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար