Պաշտոնական

ԵՄ-ՀՀ ներդրումների համակարգման պլատֆորմը քննարկել է ենթակառուցվածքային ծրագրերը և ներդրումային համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ՀՀ ներդրումների համակարգման պլատֆորմը քննարկել է ենթակառուցվածքային ծրագրերը և ներդրումային համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի և Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարևոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման և փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական և ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել այդ ծրագրերը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները և հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջև՝ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար:

Նշվում է, որ հանդիպումն ամփոփվել է հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և Հայաստանում հետագա ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման հանձնառությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում